Հաբեթնակ Կուրղինյան. Հայաստանը երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունի

Հաբեթնակ Կուրղինյան. Հայաստանը երիտասարդ ու հեռանկարային ըմբիշներ ունի

Երեկ կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարը: Այս տարի այն ընտրական էր: Մրցաշարի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի ազգային հավաքականը, որը պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով անակնկալներ հիմնականում չեն գրանցվել, հաղթել են ուժեղները.

«Մրցաշարի արդյունքները բավարար եմ համարում, բայց մարզիչը միշտ ավելին է ցանկանում: Երիտասարդ ըմբիշներն իրենց շատ լավ դրսևորեցին, տարբեր քաշային կարգերում չեմպիոն դարձան, նրանք մեծ ներուժ ունեն: Սակայն աշխատելու տեղ, իհարկե, շատ կա:

Մրցաշարն անցկացվեց նոր կանոններով: Սա շատ կարևոր էր մեզ համար, քանի որ հաջորդ տարի հենց այդ կանոններով ենք հանդես գալու միջազգային մրցագորգերում: Երկու օր կշեռք, երկու քաշային կարգի ավելացում (79 կգ և 92 կգ) եւ այլն: Կարծում եմ՝ փոփոխությունները մեր վրա դրական ազդեցություն կունենան:

Հունվարի 17-ից Ծաղկաձորում հավաք կանցկացնենք: Սկսում ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը: Մինչև աշխարհամասի առաջնությունը ևս մի քանի հավաք ու միջազգային մրցաշար կունենանք, որպեսզի մեր տղաները լիարժեք պատրաստ լինեն»,- ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Կուրղինյանը:

Մարզիչը նաև հակիրճ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները.

«2017 թվականին աշխարհի ու Եվրոպայի առաջնությունից 5 բրոնզե մեդալ ունեցանք, վատ չէ: Բայց, ես կուզեի չեմպիոն տեսնել, որի համար տարիների մեծ աշխատանք է հարկավոր: Կփորձենք առաջիկայում անպայման հասնել ոսկե մեդալին:

Հիմա մեր գլխավոր նպատակն օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելն է: Հավաքականի կազմում կընդգրկենք նաև երիտասարդ տղաներին, որոնք Տոկիո 2020-ի համար ավելի հեռանկարային են»,- ասաց մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում