Մերժեց «Բարսելոնային» և լեգենդար գոլ խփեց «Ինտերում». Յուրի Ջորկաեֆի անցած ուղին

Մերժեց «Բարսելոնային» և լեգենդար գոլ խփեց «Ինտերում». Յուրի Ջորկաեֆի անցած ուղին

1998 թվականի գարնանը նրա մայրը նամակ ստացավ Մոնիկ Դրյուից՝ գրականության ուսուցչուհուց: Վերջինս տանը գտել էր տասնամյա Յուրի Ջորկաեֆի շարադրությունը` «Ինչ եմ դառնալու, երբ մեծանամ» թեմայով, և որոշել էր աշխարհի առաջնությունից առաջ կիսվել այդ «հայտնագործությամբ»:

«Երբ մեծանամ, ցանկանում եմ ֆուտբոլիստ դառնալ, խաղալ «Լիվերպուլի» պես մեծ ակումբում: Ուզում եմ շատ գոլեր խփել ու կարիերայիս վերջում տեղափոխվել «Նյու Յորք Կոսմոս», որտեղ կխաղամ Կրուիֆի, Պելեի ու Բեկենբաուերի հետ: 20 տարեկանում ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ և եզրափակչի միակ գոլը խփել»,- 1978 թվականին գրել էր Ջորկաեֆը:

Հայրական կողմից Յուրիի պապը` Արմադիկ Ջորկաևն ազգությամբ կալմիկ էր և ծնվել էր Աստրախանում: Պատանեկան տարիներին նա երկու տարի ծառայել է Ավստրո-Հունգարիայի սահմանին, ապա քաղաքացիական պատերազմի ժամանակ դուրս եկել է կարմիրների բանակի դեմ: 20-ական թվականների սկզբին նա մեկնել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել են Օհանյանների ընտանիքին, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ գաղթել էին Բուրսա քաղաքից: Հետագայում նրա որդին (Յուրիի հայրը) ամուսնացել է Մարիա Օհանյանի հետ: 1968 թվականին Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» գրքի հիման վրա Դևին Լինի նկարած ֆիլմն արժանացավ «Օսկարի» 5 մրցանակի, իսկ Ժան Ջորկաեֆն իր երկրորդ որդուն անվանեց Օմար Շարիֆի մարմնավորած գլխավոր հերոսի` Յուրի Ժիվագոյի պատվին: Որդու ծնունդից երկու տարի առաջ Ժանը Ֆրանսիայի հավաքականի հետ տապալվեց Անգլիայում կայացած աշխարհի առաջնությունում. երեք խաղում 1 միավոր և խմբում վերջին տեղը: 1970 թվականին Ժանը տեղափոխվեց ՊՍԺ, որն այդ տարի առաջացել էր «Փարիզ» ու «Սեն Ժերմեն» ակումբների միավորումից: Նա դարձավ թիմի առաջին ավագը: Կարիերայի ավարտից հետո Ժանը սկսեց մարզել հայ ֆուտբոլիստներից կազմված թիմը, որը գտնվում էր Լիոնի մերձակայքում` Դեսին Շարպեում: 90-ականներին նա Յուրիի օգնությամբ այդտեղ մարզադաշտ կառուցեց: Խաղերից հետո Ժան ու Մարիա Ջորկաեֆները ֆուտբոլիստներին և երկրպագուներին խորոված ու թաբուլե էին հյուրասիրում:

Յուրին այդ թիմի կազմում սկսեց խաղալ 9 տարեկանից՝ հրաժեշտ տալով ձյուդոյին, որը մայրն էր պարտադրում, իսկ 15 տարեկանում «Սոշոյում» անհաջող փորձաշրջանից հետո տեղափոխվեց «Գրենոբլ»: Նա թողեց տունը, սկսեց ապրել հանրակացարանում, իսկ երկու տարի անց նորամուտը նշեց ֆրանսիական երկրորդ լիգայում, «Մոնպելյեի» դեմ խաղում, որի կիսապաշտպանությունը զարդարում էր Լորան Բլանը: 1986 թվականին «Գրենոբլը» նահանջեց երրորդ դիվիզիոն, որտեղ Յուրին հանդիպեց իր ավագ եղբորը` Դենիին, ով նաև ընտանեկան սրճարանի կառավարիչն էր։

Բուլղարացի մարզիչ Պալմեն Մարկովի որոշմամբ Յուրին 18 տարեկանում դարձավ «Գրենոբլի» ավագը: Դրանից առաջ նա սրճարանում ծանոթացել էր օտար լեզուների ֆակուլտետի ուսանողուհի Սոֆի Խիմենեսի հետ: Վերջինս պարծենում էր, որ մեկ տարուց սովորելու է Անգլիայում, սակայն հեռանալուց երկու շաբաթ հետո վերադարձավ Գրենոբլ… Յուրիի մոտ: «Տարիներ անց Սոֆին թագմանիչների դպրոց բացեց Լիոնում, բայց երիտասարդ տարիներին նա իր ուսումը զոհաբերեց հանուն ինձ»,- ինքնակենսագրական գրքում գրել է Ջորկաեֆը: Իրենց առաջնեկին նրանք անվանեցին «Դոկտոր Ժիվագոյի» կերպարներից մեկի` Ալեքսանդր Գրեմկոյի պատվին:

1989 թվականի ամռանը Յուրին ու Սոֆին տեղափոխվեցին Ստրասբուր՝ չնայած «Գրենոբլի» նախագահ Մարկ Բրայոնն այն աստիճան էր դեմ այդ քայլին, որ Ջորկաեֆը ստիպված էր գործադուլ հայտարարել և չներկայանալ մարզումներին: Բրայոնը ֆուտբոլում հայտնի էր նրանով, որ մրցաշրջանի ընթացքում փոխել էր «Գրենոբլի» գույները` դարձնելով սպիտակ ու սև: Նա տեսիլք էր ունեցել, որ դա հաջողություն կբերի: Նրա մոտ տեսիլքները սկսել էին Կոտ դ’Իվուար կատարած այցից հետո, որտեղ նա ցուլի արյուն էր խմել: Երբ Ջորկաեֆը պահանջեց իրեն տրանսֆերի հանել, Բրայոնն առաջարկեց.

-Եթե նրանք վճարեն 5 միլիոն ֆրանկ, քեզ բաց կթողնեմ:
– Բայց դա անմտություն է, մրցաշրջանն արդեն սկսվել է: Ոչ ոք ինձ համար այդքան չի վճարի։
– Իսկ դու համոզիր նրանց և կստանաս այդ գումարի 15 տոկոսը։

Հաջորդ տուրում «Գրենոբլը» մրցում էր հենց «Ստրասբուրի» հետ: Խաղից հետո Յուրին առաջ քաշված պայմանների մասին պատմեց «Ստրասբուրի» նախագահ, նորաձևության դիզայներ Դանիել Հեխտերին, իսկ վերջինս անսպասելիորեն համաձայնության եկավ: Ճիշտ է, 15 տոկոսը Յուրին այդպես էլ չստացավ: 90-ականներին Բրայոնին խարդախության համար դատապարտեցին 5 տարվա ազատազրկման, սակայն նա բողոքարկեց որոշումը, և ամեն ինչ ավարտվեց խոշոր տուգանքով:

Ջորկաեֆի խփած 21 գոլերը «Ստրասբուրին» չօգնեցին վերադառնալ Լիգա 1: Հեխտերը հեռացավ նախագահի պաշտոնից, և Յուրին մինչև հոկտեմբեր նոր ղեկավարներին համոզում էր իրեն բաց թողնել «Մոնակո», որտեղ նրան կանչում էր գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Տրանսֆերը հաջողվեց: Յուրին միաժամանակ սկսեց ֆուտբոլը համատեղել բանակի հետ, որտեղ ծառայում էր Ֆրանսիայի հավաքականի ապագա խաղացողներ Պատրիս Լոկոյի, Էմանուել Պետիի ու Բիկսանտ Լիզարազյու հետ: Երկուշաբթիից մինչև հինգշաբթի նրանք գտնվում էին ՆԱՏՕ-ի բազայում՝ Ֆոնտեբլո անտառում, իսկ հետո միանում իրենց ակումբներին և հանգստյան օրերին մասնակցում խաղերին: Ծառայության տարիներին Ջորկաեֆը խաղում էր նաև բանակային թիմում, որը գլխավորում էր Ռոժե Լեմերը:

«Գիտե՞ս՝ քո հոր պատճառով կորցրեցի տեղս Ֆրանսիայի հավաքականում»,- ծանոթության ժամանակ ասաց Լեմերը: «Առաջին անգամ եմ լսում այդ մասին»,- պատասխանեց Յուրին: Պարզվեց, որ 1971 թվականին Ֆրանսիայի հավաքականի մարզման ժամանակ Ժան Ջորկաեֆն ու Ռոժե Լեմերը գլուխներով բախվել են օդային պայքարում: Երկուսի մոտ էլ արնահոսություն է սկսվել, սակայն Ռոժեի մոտ ավելի ուժգին է եղել: Նա նույնիսկ կարծել է, թե կուրացել է, երբ արյունը փակել է աչքերը: Լեմերը բաց է թողել Նորվեգիայի հետ խաղը, իսկ հետո նրան ազգային ընտրանի այլևս չեն հրավիրել: Փոխարենը մոտ 30 տարի հետո, գլխավոր մարզչի կարգավիճակով նա Ժան Ջորկաեֆի որդու հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

1990 թվականին, զորամասից վերադառնալիս Յուրին վայելում էր Մոնտե Կարլոյի գեղատեսիլ վայրերը: Նա բնակվում էր թենիսիստ Բորիս Բեքերի նախկին բնակարանում, նոյեմբեր ամսին լողում էր ծովում և ազգականների հետ կազինո գնում, ինչը դուր չէր գալիս «Մոնակոյի» նախագահ Ժան Լուի Կամպորային: «Ստրասբուրից» հեռանալուց կես տարի անց Յուրին «Մոնակոյի» հետ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որտեղ հանդիպեց Մարսելի «Օլիմպիկին», որի կազմում էին խաղում Պապենը, Ուոդլը և Բոլին: Խաղից առաջ ֆուտբոլիստներին ողջունեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը: Հետագայում Ջորակեֆի տատը պարծենալով բոլորին ցուցադրում էր իր թոռի ու Միտերանի ձեռքսեղման լուսանկարը և ասում, որ Յուրին նախագահի մոտ ընկերն է:

Եզրափակչում Ջորկաեֆը հարձակման գծում օգնում էր Ջորջ Վեային ու Յուսուֆ Ֆոֆանային, բայց հաղթական գոլը խփեց Ժերալդ Պասին, ով երկրորդ կեսում փոխարինել էր հենց Յուրիին: Առավոտյան Ջորկաեֆն իր համար «Պորշե 911» գնեց: «Մոնակոյում» իր առաջին մրցաշրջանից մնացած նրա մեկ այլ ժառանգությունն «օձ» մականունն էր, որը հորինել էր երկրորդ դարպասապահ Մարկ Դելարոշը, ով տպավորվել էր մարզումների ժամանակ Ջորկաեֆի պտտեցրած հարվածներից: 1994 թվականին Յուրին դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու` երկու անգամ ավելի շատ խփելով թիմի կենտրոնական հարձակվող Յուրգեն Կլինսմանից: Եվ դա այն դեպքում, որ Արսեն Վենգերը Յուրիին օգտագործում էր վինգերի դիրքում: Մեկ տարի անց հայ ֆուտբոլիստը տեղափոխվեց «Պարի Սեն Ժերմեն», որը «Canal Plus»-ի հովանավորությամբ իր կողմն էր քաշել գլխավոր մրցակիցների լավագույն ֆուտբոլիստներին:

Առաջին շրջանից հետո ՊՍԺ-ն 7 միավորով գերազանցում էր «Օսերին» ու «Մեցին», սակայն հետո թուլացրեց զգոնությունը, շեղվեց Գավաթակիրների գավաթի կողմը և մարտին «Օսերին» թույլ տվեց շրջանցել իրեն: Ապրիլի կեսերին «Օսերը» սայթաքեց Բաստիայում, և ՊՍԺ-ին հարկավոր էր տանը հաղթել «Մարտիգին»՝ լիգայի ամենաթույլ թիմին, որպեսզի վերադառնա առաջին հորիզոնական: Առավոտյան գլխավոր մարզիչ Լուիս Ֆերնանդեսը թիմին տարավ զբոսանքի, սակայն Յուրին մրսեց և վերադարձավ բաճկոնի հետևից: Նախաճաշից հետո նա իմացավ, որ չի խաղալու «Մարտիգի» դեմ, որովհետև առանձնացել էր թիմից: Եվ դա այն ամենից հետո, երբ նա ՊՍԺ-ին դուրս բերեց Գավաթակիրների գավաթի եզրափակիչ` գոլ խփելով «Դեպորտիվոյի» դեմ արտագնա խաղում, իսկ Փարիզում գոլային փոխանցում կատարեց Պատրիս Լոկոյին: Խաղի ժամանակ Պասկալ Նումայի ստացած վնասվածիքից հետո Ֆերնանդեսը ստիպված էր ասպարեզ դուրս բերել Ջորկաեֆին, սակայն ՊՍԺ-ն չկարողացավ հաղթել հետնապահին (0:0) և մնաց երկրորդ տեղում:

Որպեսզի Գավաթակիրների գավաթի եզրափակչի` Վիեննայի «Ռապիդի» դեմ խաղից առաջ թիմը սթափվի, ՊՍԺ-ի նախագահ Միշել Դենիզոն դիմեց անվանի թենիսիստ Յանիկ Նոային (բասկետբոլիստ Ջոակիմ Նոայի հոր) օգնությանը. «Խելքները տեղը բեր»: Ֆուտբոլիստներին դիմելիս Նոան ասաց. «Սա ձեր եզրափակիչն է: Կարող եք լարվածության մեջ ապրելով պարտվել ու դրա համար մինչև կյանքի վերջ զղջալ կամ մոռանաք հիասթափությունները և հաղթեք այս եզրափակիչը: Երկրո՞րդ տարբերակն եք ընտրում: Ուրեմն մինչև խաղը ոչ մի թերթ չեք կարդում: Ձեր կանանց ու ծնողներին խնդրեք, որ պահեն բոլոր հոդվածները: Դրանք հանգիստ կկարդաք եզրափակչից հետո»:

«Ռապիդի» հետ հանդիպումից առաջ ՊՍԺ-ն մարզվում էր Բասկերի երկրում: Ամեն առավոտ ֆուտբոլիստները ֆիտնես-մարզչի օրինակով լողում էին Ատլանտյան օվկիանոսում։ Մի օր ակումբի ղեկավարության թույլտվությամբ փոքր զվարճանքների անցան: Թերապևտ Ֆրեդերիկ Մանկովսկին Սան Սեբաստյանի մոտ հարմարավետ տապաս-բար էր գտել, որտեղ որոշ ժամանակ անցկացնելուց հետո ֆուտբոլիստներն արդեն իրենք էին երկու կիթառիստների ուղեկցությամբ նոր հաստատություններ փնտրում: «Տղաներ, գիշերվա 11-ն է, վերադառնալու ժամանակն է»,- հայտարարեց Նոան: Ֆուտբոլիստները դժգոհեցին: Յանիկը հանգստացրեց նրանց, բայց փողոց դուրս գալիս հանեց շապիկը և սկսեց պարել: Մարզիչ Ֆերնանդեսը խրախճանքի հերոսներին դիմավորեց ապշած, սակայն ոչինչ չկարողացավ ասել, որովհետև ժամանակին էին վերադարձել: Նա գնաց քնելու, իսկ ֆուտբոլիստները բացեցին հյուրանոցի մինի-բարը և մինչև լուսաբաց շամպայն էին վայելում: Մի քանի օր անց նրանք Բրյուսելում 1:0 հաշվով հաղթեցին «Ռապիդին»: Մրցանակաբաշխության ժամանակ նրանք պատվանդան էին քաշում Յանիկ Նոային, սակայն նա հրաժարվեց. «Ոչ, սա ձեր հաղթանակն է, վայելեք»: Տոնակատարության ժամանակ որոշ ֆուտբոլիստներ` Ռոշը, Գերենը, Լոկոն, Դելի Վալդեսը մազերը կանաչ ներկեցին («Ռապիդի» գույները) և հաջորդ օրն այդ տեսքով ներկայացան Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին:

Այդ հաղթանակից շատ առաջ Յոհան Կրուիֆը Ջորկաեֆին կանչեց «Բարսելոնա»՝ խոստովանելով, որ երազում է հարձակման գծում նրան օգտագործել «ՊՍՎ Էյնդհովենի» ու «Բորդոյի» տաղանդներ Ռոնալդոյի ու Զիդանի հետ միասին: «Թռչող հոլանդացին» նաև նշում էր, որ վստահ չէ` արդյոք հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում» (ակումբի նախագահ Նունյեսին դուր չէր գալիս, որ թիմը երկու տարի անընդմեջ չեմպիոն չի դառնում, իսկ Կրուիֆն ասպարեզ է դուրս բերում իր որդուն` Ժորդիին ու փեսային` դարպասապահ Խեսուս Անգոյին): Իմանալով, որ «Բարսելոնան» բանակցում է անգլիացի մարզիչ Բոբի Ռոբսոնի հետ՝ Կրուիֆը հեռացավ թիմից, իսկ շուտով Կատալոնիա մեկնելու շուրջ մտափոխվեց նաև Ջորկաեֆը:

«Յուրին լավ ֆուտբոլիստ է, բայց միայն խելագարը կարող է հրաժարվել միանալ մեր թիմին»,- Ժան Ջորկաեֆի հետ զրույցում ասաց «կապտանռնագույնների» փոխնախագահ Ժոան Գասպարը, ով տարիներ առաջ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» առաջին տիտղոսից հետո ուրախությունից Թեմզա գետն էր սուզվել:

«Բարսելոնային» մերժելուց հետո Ջորկաեֆը սկսեց նախապատրաստվել Եվրո-96-ին: Գլխավոր մարզիչ Էմե Ժակեն թիմի կազմում չընդգրկեց նախկին ավագ Էրիկ Կանտոնային, ով սկանդալային որակազրկման պատճառով բաց էր թողել գրեթե ամբողջ ընտրական փուլը: Մարզիչը ստեղծագործելու դերը վստահեց Ջորկաեֆին ու Զիդանին, սական Զիզուն ավտովթարի ենթարկվեց և ուղեղի ցնցում ստացավ: Թիմային լուսանկարից առաջ նրան նույնիսկ գրիմ արեցին, որ կապտուկներն ու քերծվածքները չերևան: Եվրո-96-ում Զիդանը լավ չխաղաց (0 գոլ, 0 գոլային փոխանցում), փոխարենը Ջորակեֆը երկրորդ տուրում գոլ խփեց Իսպանիային ու վազեց տրիբունա հարազատների հետ այն տոնելու, ովքեր «Էլանդ Ռոուդ» մարզադաշտ էին եկել Հայաստանի դրոշով: Հետագայում Յուրին կազմակերպեց Ֆրանսիայի մյուս 4 գոլերից երեքը (գոլային փոխանցումներ Կարեմբյուին ու Բլանին, ստիպեց ինքնագոլ խփել բուլղարացի Պանևին), իսկ մրցաշարի ավարտից հետո մեկնեց «Ինտեր»:

Միլանյան ակումբի նախագահ Մասիմո Մորատին Ջորակեֆին հիացրեց ֆրանսերենի հիասքանչ իմացությամբ ու առատաձեռնությամբ: «Այս վզնոցը ձեր կնոջ համար է, իսկ այս նվերը` ծնողների: Ցանկանո՞ւմ եք քաղաքի կենտրոնում ապրել, այլ ոչ թե Կոմո լճի ափի՞ն: Խնդրեմ: Արձակո՞ւրդ է պետք: Ահա Սանկտ Մորիցում իմ բնակարանի բանալին»: 1997 թվականի հունվարին 5-ին Յուրի Ջորկաեֆը «Ռոմայի» դարպասն այնպիսի գոլ խփեց, որից հետո երկրպագուները ծափահարում էին երեք րոպե շարունակ, իսկ մրցավար Գրացիանո Չեզարին գլուխգործոցի հեղինակին խնդրեց մարզաշապիկն իրեն նվիրել:

Տեսանյութ

Մորատին ցանկանում էր «Սան Սիրոյի» մուտքի մոտ տեղադրել Ջորակեֆի արձանն այդ հարվածը կատարելիս, սակայն քաղաքապետարանը թույլ չտվեց: Փոխարենը, հաջորդ մրցաշրջանում «Ինտերն» այդ շրջադարձ հարվածի լուսանկարը տեղադրեց բոլոր աբոնեմենտների հետին մասում: Լեգենդար գոլից երկու շաբաթ առաջ՝ Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում Յուրին գրավեց «Յուվենտուսի» դարպասը, սակայն դեղին քարտերի պատճառով որակազրկվեց և բաց թողեց պատասխան հանդիպումը: Այդ ժամանակ նա դիմեց «Ինտերի» երկրպագուների առաջնորդին. «Ցանկանում եմ խաղը դիտել ձեր տրիբունայում: Նրան հագցրեցին «Ինտերի» գլխարկը․ «Քեզ չպետք է ճանաչեն, այլապես հրմշտոց կսկսվի»: Ջորակեֆը հայտնվեց «Սան Սիրոյի» հարավային տրիբունայում, 4 հազար երկրպագուների միջև, և միայն ընդմիջման ժամանակ լուսանկարիչները նկատեցին նրան:

Իր առաջին իտալական մրցաշրջանում Ջորակեֆն «Ինտերի» կազմում 21 գոլ խփեց: Նա աչքի ընկավ նաև ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակչում` «Շալկեի» դեմ խաղում, իսկ ահա նրա թիմակից Աարոն Վինտերը վրիպեց և միլանցիները պարտվեցին: Անհաջողությունները շարունակվեցին առավոտյան, երբ տուն վերադառնալիս Յուրին հասկացավ, որ իր «Ֆերրարին» գողացել են: Փոխարենը, մեկ տարի անց «Ինտերը» կրկին ՈւԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ դուրս եկավ և 3:0 հաշվով ոչնչացրեց «Լացիոյին»: 

Միլանում Յուրին հանդիպեց իր լավագույն ընկերներից մեկին՝ կիսապաշտպան Նիկոլա Բերտիին, ով ապշեցնում էր իր անխոհեմությամբ: Նա մարզումներին գալիս էր սիգար ծխելով և հիանալի էր խոսում ֆրանսերեն: Մի անգամ Բերտին Ջորկաեֆին կանչեց տնային երեկույթի, որտեղ նա հանդիպեց մոտոսպորտի աշխարհի չեմպիոն Մաքս Բյաջիին ու խոստումնալից դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին: «Ինտերից» հեռանալուց հետո Բյաջին տեղափոխվեց «Տոտենհեմ», որտեղ այնպիսի արկածային տարի անցկացրեց, որ նրա հրաժեշտի երեկույթին ներկա եղան Սթինգն ու Մադոննան:

«Գիտե՞ք ինչու եմ սիրում «Ինտերը»: Մի անգամ մարզման եկա իմ լաբրադոր ցեղատեսկի շան հետ: Նա անմիջապես հարձակվեց գնդակի վրա, իսկ հետո նաև ֆուտբոլիստների: Բոլորը միաձայն ծիծաղում էին: Հաջորդ օրը ևս 6 խաղացող մարզմանը բերեցին իրենց շներին: Ակումբի աշխատակիցներն անմիջապես շների համար հատուկ տեղ կառուցեցին և բոլորին կերակրեցին: Հենց նման մանրուքների համար հիացա այդ ակումբով»,- իր ինքնակենսագրական գրքում պատմել է հայ ֆուտբոլիստը:

Շարունակությունը ներկայացված է այս հղմամբ։

Աղբյուրը` sports.ru

Հետևեք մեզ նաև Telegram-ում