Նովակ Ջոկովիչի վերադարձը անորոշ ժամանակով հետաձգվեց

Նովակ Ջոկովիչի վերադարձը անորոշ ժամանակով հետաձգվեց

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, ով հուլիսին ժամանակավոր դադար էր վերցրել արմունկի վնասվածքից ապաքինվելու համար, չի կարողանա մասնակցել Աբու-Դաբիի ցուցադրական մրցաշարին։

Դեկտեմբերի 29-ին սերբ թենիսիստը պետք է պայքարը սկսեր կիսաեզրափակիչ փուլից և մրցեր Իսպանիայի ներկայացուցիչ Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ, սակայն բժշկական խորհրդատվությունից հետո Նովակը հրաժարվել է պայքարից։ Դեռ հայտնի չէ՝ նա կկարողանա մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։

Մրցաշարի մամուլի ծառայությունը գրում է, որ Ջոկովիչին փոխարինելու է բրիտանացի Էնդի Մարեյը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից։

«Էնդի Մարեյը համաձայնել է խաղալ Բաուտիստա-Ագուտի հետ։ Խաղը կմեկնարկի տեղի ժամանակով 19։00-ին։ Նովակին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- ասված է մրցաշարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում