«Bild». Գորետցկան վերջնականապես ընտրել է իր նոր թիմը

«Bild». Գորետցկան վերջնականապես ընտրել է իր նոր թիմը

«Շալկեի» կիսապաշտպան Լեոն Գորետցկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է գելզենկիրխենյան ակումբը: 22-ամյա ֆուտբոլիստն առաջարկ է ստացել եվրոպական գրեթե բոլոր թոփ-ակումբներից, սակայն լրջորեն դիտարկել է միայն «Բարսելոնայի», «Լիվերպուլի» ու «Բավարիայի» թեկնածությունները,- գրում է «Bild» պարբերականը:

Մերսիսայդցիներին գերմանացին արագորեն մերժել է, իսկ կատալոնացիներին` որոշ ժամանակ մտորելուց հետո: Արդյունքում, Գորետցկան կարիերան շարունակելու լավագույն տարբերակ է համարել «Բավարիան»: Կողմերն արդեն համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը: Կիսապաշտպանը մյունխենցիներին միանալու է ամռանը` ազատ գործակալի կարգավիճակով, որովհետև նրա պայմանագրի ժամկետը հունիսին սպառվելու է:

Հիշեցնենք, որ «Շալկեն» պատրաստակամություն էր հայտնել իր սանի հետ նոր համաձայնագիր կնքել և նրան տարեկան 12 միլիոն եվրո վճարել: Դա գերզենկիրխենցիների պատմության ամենախոշոր աշխատավարձը կլիներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում