«Ծերունական թուլամտություն». Մոուրինյուն ու Կոնտեն ասուլիսների պատերազմ են սկսել

«Ծերունական թուլամտություն». Մոուրինյուն ու Կոնտեն ասուլիսների պատերազմ են սկսել

«Մանչեսթեր Յունայթեդի» ու «Չելսիի» գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուի և Անտոնիո Կոնտեի հարաբերությունները կրկին սրվել են: Այս անգամ կոնֆլիկտը վերածվել է մամուլի ասուլիսների պատերազմի,- գրում է «The Telegraph»-ը:

Ամեն ինչ սկսվել է պորտուգալացու հայտարարությունից։ Վերջինս պատասխանել է տեխնիկական գոտում նախկինի համեմատ ավելի քիչ զգացմունքային լինելու մասին հարցին:

«Եթե ինձ ծաղրածուի նման չեմ պահում, դա չի նշանակում, որ զգացմունքներս կորցրել եմ: Հարկավոր չէ խելագարի նման լինել, որպեսզի ցույց տամ իմ էմոցիաները: Ինձ ավելի հասուն եմ պահում, ինչը նաև թիմին է օգնում»:

Երբ իտալացուն պատմել են Ժոզեի խոսքերի մասին, նա դրանք իր հասցեին ակնարկ է համարել և ասել է.

«Նա լավ կանի իր նախկին ժամանակները հիշի: Երբեմն ոմանք մոռանում են, թե նախկինում իրենց ինչպես են պահել ու ինչեր ասել: Դա կոչվում է «ծերունական թուլամտություն»: Կա մի մարդ (Մոուրինյուն-խմբ.), ով հեռացել է ակումբից («Չելսիից»-խմբ.), սակայն շարունակում է ամեն ինչում հետևել նրան և մեր կողմը նայել»:

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի «Դերբի Քաունթիի» դեմ հանդիպումից (2:0) հետո «յուրահատուկը» նոր պատասխան է տվել Կոնտեին:

«Ցանկանում եմ վերջ դնել այս պատմությանը: Նրան սխալ ձևակերպած հարց տվեցին, ինչի պատճառով նա բուռն պատասխանեց: Չեմ մեղադրում նրան: Ինձ իմ տարիքի մասին հարց էին տվել, և ես իմ մասին էի խոսում: Իսկ «Չելսիի» մարզչին այնպես էին հարցը տվել, կարծես նրան ծաղրածու եմ անվանել:

Այո, ես նախկինում սխալներ եմ գործել, երբ տեխնիկական գոտում եմ եղել: Հետագայում քիչ սխալվելու, բայց միևնույն է դրանք լինելու են: Միակ բանը, որ երբեք ինձ հետ չի եղել ու չի լինի, դա պայմանավորված խաղերի համար որակազրկումն է»:

Հիշեցնենք, որ 2010 թվականին Կոնտեն որակազրկվել էր 10 ամսով այն բանի համար, որ «Սիենայի» մարզիչը լինելու ժամանակ պայմանավորված խաղի մասին չէր հայտնել օրինապահ մարմիններին: 2012-13թթ. մրցաշրջանում, երբ Անտոնիոն արդեն «Յուվենտուսն» էր գլխավորում, նրա պատիժը կրճատեցին մինչև 4 ամիս, և նա այդքան ժամանակ մնաց առանց ֆուտբոլի: Հետագայում` 2016 թվականին դատարանն արդարացրեց իտալացուն և նախկին պատիժներն անհիմն ճանաչեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում