Նոր մանրամասներ Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխությունից

Նոր մանրամասներ Կոուտինյոյի` «Բարսելոնա» տեղափոխությունից

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»: «The Times»-ը հայտնում է, որ բրազիլացին մերսիսայդցիների հետ չի մեկնել Քաթար, որտեղ թիմը հավաք է անցկացնելու:

Փոխարենը, այսօր 25-ամյա ֆուտբոլիստը ժամանելու է Կատալոնիա, որպեսզի բուժզննում անցնի: Տրանսֆերի մասին կհայտարարվի հունվարի 7-ին կամ 8-ին: Բրազիլիայի հավաքականի խաղացողի շնորհանդեսը նախանշված է երկուշաբթի` հունվարի 8-ին: 

Գործարքը կազմելու է 118 միլիոն եվրո: Եվս 42 միլիոն «կարմիրները» կարող են ստանալ տարատեսակ պարգևավճարների տեսքով: Այդ պարգևավճարների 55-60 տոկոսը կախված են լինելու ֆուտբոլիստի անցկացրած խաղերից ու արդյունավետ գործողություններից (գոլ+փոխանցում), իսկ 40-45 տոկոսը ակումբի հաղթանակներից ու նվաճումներից: 

Միաժամանակ ESPN-ը հայտնում է, որ Կոուտինյոն հրաժարվել է իրեն հասանելի 15 միլիոն եվրոյի պայմանագրային բոնուսից, որպեսզի արագացնի տեղափոխությունը: Անգլիական ակումբի ղեկավարները սկզբում համաձայնել են նրան բաց թողնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն կիսապաշտպանի պահանջով գործարքը կայանալու է հունվարին:

«Բարսելոնայի» հետ բրազիլացու պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2023 թվականի ամառը: Նրա տարեկան աշխատավարձը տարեկան կազմելու է «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) 15 միլիոն եվրո: «Կապտանռնագույնների» թիմում ավելի շատ վաստակում են միայն Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Անդրես Ինյեստան:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Ֆիլիպեն չի կարողանա մասնակցել «բլաուգրանայի» խաղերին, որովհետև արդեն ելույթ է ունեցել «Լիվերպուլի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում