Անգլիայի Պրեմիեր լիգա. Տարաձայնությունների մրցաշրջան

Անգլիայի Պրեմիեր լիգա. Տարաձայնությունների մրցաշրջան

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում մարզչական պատերազմների պակաս չի զգացվում, անգամ ամենաամուր նյարդերով մասնագետները դուրս են գալիս ափերից։ Առանձացրել ենք մարզիչների հետ առնչվող ամենաթեժ տարաձայնությունները։

Ժոզե Մոուրինյուն ընդդեմ Անտոնիո Կոնտեի

Այս մարզիչների տարաձայնությունը նախորդ մրցաշրջանից է սկսվել, իսկ ընթացիկ մրցաշրջանում աստիճանաբար վերածվել է խոսակցական պատերազմի, որի ավարտը  չի երևում։ Թեժ քննարկումները սկսվեցին թիմերի միջև խաղից հետո։

«Ձեռքը սեղմե՞լը: Դա կարևոր չէ: Կարևորը մեր հաղթանակն է: Հարգանքը պետք է դաշտում դրսևորել, ոչ թե դրանից դուրս»: Անտոնիո Կոնտեն իսկապես այսպիսի պատասխան տվեց: Ստացվում է, որ դաշտից դուրս գործընկերոջը հարգել պետք չէ: Անսպասելի հայտարարություն:

Մոուրինյուն բավականին հանգիստ արձագանքեց. «Չեմ հասկանում, թե ինձանից ինչ եք սպասում: Մոտեցա «Չելսիի» մարզչական շտաբին, սեղմեցի Կոնտեի օգնականի ձեռքը: Նա ինչ-որ տեղ էր անհետացել: Պետք է նրա հետևից վազեի՞»:

Այդպես էլ կար: Ժոզեն սեղմել էր օգնականի ձեռքը, իսկ Անտոնիոն դաշտի կենտրոն էր տեղափոխվել: 

Սա ընդամենը մեծ պատերազմի ճակատամարտերից մեկն էր։ Հետո Մոուրինյուն ակնարկեց, որ Կոնտեն տեխնիկական գոտու մոտ իրեն ծաղրածուի նման է պահում, ապա հայտարարեց, որ խոսքերը սխալ են հասկացել և հիշեցրեց իտալացու՝ պայմանավորված խաղերին առնչվող սկանդալը։ Կոնտեն նախ բավարարվեց՝ ասելով, որ գործընկերը ծերունական թուլամտություն ունի, ապա Ժոզեին անվանեց փոքրիկ մարդուկ։ Սպասենք նոր զարգացումների․․․

Անտոնիո Կոնտեն ընդդեմ Դավիդ Լուիսի

«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կարևոր հաղթանակն առանց Լուիսի կերտվեց․ դաշտում Անդրեաս Կրիստենսենն էր, իսկ պահեստայինների նստարանին՝ 17-ամյա Էտան Ամպադուն: Կոնտեն մեկնաբանեց ընտրությունը. «Ամեն ինչ շատ պարզ է: Ես եմ մարզիչը և պետք է թիմի համար լավագույն որոշումներն ընդունեմ: Իմ որոշումը պետք է օգուտ բերի բոլորին, ոչ թե մեկ ֆուտբոլիստի: Ի՞նչ է Դավիդին սպասվում ապագայում: Չգիտեմ: Նա պետք է իսկապես ջանասիրաբար աշխատի, հակառակ դեպքում կմնա պահեստայինների նստարանին կամ տրիբունաներում»:

«Ռոմայի» հետ ձախողված խաղից հետո հիմնական կազմում Լուիսի տեղը կորցնելը նորմալ է, բայց ասել, որ բրազիլացին պահետայինների նստարանին տեղը զիջել է 17-ամյա ֆուտբոլիստին… Իհարկե, մենք հավատում ենք, որ դա չի արվել դաստիարակչական նկատառումներով: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ պաշտպանը թիմից առանձին է մարզվել:

Լուիսն էլ պակաս սկզբունքային չէ: Կարծում է, թե մարզիչն իրեն պատժում է Դիեգո Կոստայի հետ ընկերության համար: Ի դեպ, Կոնտե – Կոստա հակամարտությունն էլ է այս մրցաշրջանին վերաբերում: Կոստան հրաժարվել էր մասնակցել «Չելսիի» հավաքներին, իսկ երբ արդեն ընդգրկվել էր մրցաշրջանի հայտացուցակում հանրությանը ներկայացրեց Կոնտեի sms հաղորդագրությունը։

Արսեն Վենգերն ընդդեմ Խոսեպ Գվարդիոլայի

Վերջերս Արսեն Վենգերն արեց այն, ինչ նախկինում հաջողվում էր միայն Ժոզե Մոուրինյուին՝ տեղի տվեց Պեպ Գվարդոլայի նյարդերին: «Արսենալի» դեմ խաղից առաջ Պեպն իր ոճի մեջ մի քանի հաճոյախոսություն արեց գործընկերոջը, գնահատեց նրա խաղաոճն ու ավանդը ֆուտբոլում, իսկ խաղից հետո Արսեն Վենգերն աչքի ընկավ հակառակ պահվածքով: Ֆրանսիացի մասնագետը մրցավարներին և մրցակցի խաղին անդրադարձավ․ «Մրցավարության մակարդակն ամեն տարի իջնում է, դա նորմալ չէ: Երկրորդ տարին է՝ մենք գոլ ենք բաց թողնում սխալ նշանակված 11-մետրանոցից: Ռահիմ Սթերլինգը հիանալի է սուզվում: Երրորդ գոլն էլ խաղից դուրս էր»:

Գվարդիոլայի արձագանքը չուշացավ․ «Մենք լավ խաղ անցկացրինք: Չեմ ցանկանում քննարկել մրցավարներին: Մենք հաղթեցինք բարձրակարգ խաղ ցուցադրելով: Ինձ ասացին, որ երրորդ գոլի ժամանակ խաղից դուրս կար: Չեմ ցանկանում այդպես հաղթել, բայց դա բոլորի հետ էլ պատահում է: «Արսենալն» էլ «Բերնլիին» հաղթեց 96-րդ րոպեին ձեռքով խաղալու արդյունքում»:

Լավ պատասխան էր: Կարճ, բայց նպատակային: Որոշ մարզիչներ լավ կանեին փորձեին այդպես պատասխանել:

Անտոնիո Կոնտեն ընդդեմ «Չելսիի» ղեկավարություն

Դեռ ամռանից բոլորին հայտնի է փոխնախագահ Մարինա Գրանովսկայայի հետ կոնֆլիկտը: Մարզիչը դժգոհ էր ակումբի տրանսֆերային քաղաքականությունից, իսկ Գրանովսկայան Կոնտեի հեռանալու դեպքում արդեն իսկ փոխարինող տարբերակ ուներ՝ կապ էր հաստատել Թոմաս Տուխելի հետ:

Հետո ամեն ինչ հանդարտվեց, տրանսֆերային շուկան փակվեց, մարզիչը շարունակեց աշխատանքը, իսկ վերջերս իրադրությունը նոր թափ առավ: «Չելսիի» տեխնիկական գծով տնօրեն Մայքլ Էմենալոն՝ «20 ֆուտբոլիստի վարձակալություն «Վիտեսին» ամեն ամառ» հայտնի ծրագրի հեղինակը, հեռացավ: Ասաց, որ հոգնել էր ու իր որոշումը լավագույն տարբերակ համարեց նաև ակումբի համար․․․

Մարկ Հյուզն ընդդեմ Ժոզե Մոուրինյուի

Պորտուգալացին ու ձեռքսեղմումը մի ամբողջ գրքի թեմա է: Նյութը բավականին շատ է: «Սթոքի» հետ արտագնա ոչ-ոքիից հետո նա սեղմեց մարզչական անձնակազմի բոլոր անդամների ձեռքը, բայց Մարկ Հյուզից: Ինչո՞ւ: Դե Հյուզը հրել էր նրան խաղի ժամանակ, ապա մրցավարին խնդրել հեռացնել պորտուգալացուն դաշտից:

Հյուզի մեկնաբանությունը չուշացավ. «Ժոզեն մտել էր իմ տեխնիկական գոտի: Կանոններով դա արգելված է, դրա համար էլ հրեցի նրան»:

Մոուրինյուն կարճ խոսեց. «Հիմարություններ քննարկել չեմ ցանկանում: Դրանք թող հիմարները քննարկեն»: 

Ժոզե Մոուրինյուն ընդդեմ Յուրգեն Կլոպի

Տարօրինակ ընկերության վերջը եկավ, երբ անցյալ մրցաշրջանում մարզիչները հերթով իրար մեղադրեցին մեծամտության մեջ, ապա Կլոպը հայտարարեց, որ իրեն չի հետաքրքրում Մոուրինյուի կարծիքը: Այս մրցաշրջանում «Էնֆիլդում» գրանցված 0:0 հաշվից հետո Յուրգենն ասաց. «Խաղը կանխատեսելի էր: Մոուրինյուն անում է այն, ինչ ճիշտ է համարում, բայց մենք չենք կարող այդպես խաղալ: Չենք կարող նստել պաշտպանությունում և սպասել»:

Մոուրինյուն այդ ժամանակ ոչինչ չպատասխանեց, բայց հետո գործընկերոդջը հիշելու առիթը բաց չթողեց։ «Սաութհեմփթոնի» դեմ խաղում դաշտից հեռացվելուց հետո պորտուգալացին նկատեց, որ որոշ մարզիչներ կարող են բղավել մրցավարների վրա ու դուրս գալ տեխնիկական գոտուց, իսկ իրեն միանգամից հեռացնում են: Ի՞նչ եք կարծում, դա ակնարկ էր ուղղված Կլոպի՞ն, Կոնտեի՞ն թե միանգամից երկուսին էլ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում