ՀՖՖ-ի հայտարարությունը «պայմանավորված» խաղի մասին

ՀՖՖ-ի հայտարարությունը «պայմանավորված» խաղի մասին

Այսօր shamshyan.com կայքը հայտնել է, որ հունվարի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի որոշմամբ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզի քննչական վարչությունում նախաքննություն է սկսվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի դիմումի փաստով։

Հայրապետյանն իրավապահ մարմիններին տեղեկացրել է, որ նոյեմբերի 20-ին կայացած ՀՀ Առաջին խմբի «Լոռի» – «Էրեբունի» հանդիպումն (5:0) ՈւԵՖԱ-ի կողմից պայմանավորված համարվելու կասկած է առաջացրել: Խաղի՝ պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մասնագետները վերլուծության են ենթարկել ամբողջ մրցավեճի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները։

ՀՖՖ-ն այդ տեղեկության վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է կատարել.

«Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու լուրի կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը:

Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում