Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» Մեսսի-Ալբա զույգը «ոչնչացրեց» «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթ. «Բարսելոնայի» Մեսսի-Ալբա զույգը «ոչնչացրեց» «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բարսելոնան» 5:0 հաշվով ջախջախեց «Սելտային» և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Առաջին մրցավեճում գրանցվել էր 1:1 հաշիվը:

Կատալոնական թիմը հաղթողի հարցը գործնականում լուծեց մեկնարկային 32 րոպեների ընթացքում: Հերթական անգամ ֆանտաստիկ համագործակցություն ցուցադրեցին «բլաուգրանայի» ձախ պաշտպան Ժորդի Ալբան ու հարձակվող Լիոնել Մեսսին: Ալբայի փոխանցումներից հետո արգենտինացին դուբլ ձևակերպեց, որից հետո Լեոն դարպասի դիմաց դուրս բերեց կատալոնացուն, ով գրավեց մոտակա անկյունը: Ընթացիկ մրցաշրջանում Ժորդին արդեն 7 գոլային փոխանցում է կատարել Մեսսիին:

 

Քիչ անց աչքի ընկնելու հերթը Լուիս Սուարեսին էր, ով օգտվեց պաշտպանի կոպիտ սխալից: Ընդմիջմանը և երկրորդ կեսի սկզբնամասում «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն արագ փոխարինումների շնորհիվ հանգստի հնարավորություն տվեց Ժերար Պիկեին, Մեսսիին ու Անդրես Ինյեստային:

Երկրորդ խաղակեսում միայն մեկ գոլ գրանցվեց: Փոխարինման մտած Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո Իվան Ռակիտիչը գլխի հարվածով վերջակետ դրեց հանդիպմանը:

Քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո:

Իսպանիայի գավաթ. քառորդ եզրափակիչ
«Բարսելոնա» – «Սելտա»` 5:0 (առաջին խաղում` 1:1)
Գոլերը՝ Մեսսի (15, 17), Ալբա (28), Սուարես (31), Ռակիտիչ (87)

Տեսանյութ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում