Ջոկովիչ․ Երջանիկ եմ, որ խաղալու հնարավորություն ունեմ

Ջոկովիչ․ Երջանիկ եմ, որ խաղալու հնարավորություն ունեմ

Աշխարհի նախկին առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երկարատև դադարից հետո պատրասվում է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը։ Այս կապակցությամբ սերբ թենիսիստն իր մեկնաբանությունն է տվել։

-Ի վերջո Դուք ենթարկվեցի՞ք արմունկի վիրահատության։

-Ոչ, չեմ վիրահատվել։ Պարզապես ժամանակ էր հարկավոր վնասվածքից ապաքինվելու համար։

-Իսկ ինչո՞ւ մի քանի շաբաթ առաջ հրաժարվեցիք մասնակցել Աբու-Դաբիի և Դոհայի մրցաշարերին։

-Դեռ պատրաստ չէի ամեն օր կորտ դուրս գալ, դրա համար էլ նման որոշում կայացրի։ 6 ամսվա դադարից հետո շատ լավ կլիներ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ նախապատրաստական մրցաշարի մասնակցել, բայց չստացվեց։ Հիմա պարզապես շատ երջանիկ եմ, որ ի վերջո խաղալու հնարավորություն ունեմ։ Եղել է մի պահ, երբ ընդհանրապես պատկերացում չեմ ունեցել՝ կարո՞ղ եմ խաղալ Մելբուրնում, թե՞ ոչ։

-Ի՞նչ է փոխվել։ Ինչո՞ւ եք վստահ, որ հիմա պատրաստ եք խաղալ։

-Թիմիս, բժիշկների, համապատասխան մասնագետների հետ երկար քննարկումներից հետո մենք որոշեցինք, որ կարող եմ խաղալ։

-Ասել եք, որ շարունակում եք պայքարել վնասվածքի դեմ։ Լիովին չե՞ք ապաքինվել։

-Արմունկս 100% բուժված չէ, բայց հիմա կարող եմ խաղալ և աստիճանաբար մարզավիճակ ձեռք բերել։ Հույս ունեմ, որ առաջնությանը լիովին պատրաստ կլինեմ, բայց չգիտեմ՝ ինչեր տեղի կունենան ընթացքում։ Եթե անգամ սկզբում ամեն ինչ հիանալի լինի, հետո չգիտեմ օրգանիզմս ինչպես կարձագանքի 6 ամսվա դադարից հետո կորտ վերադառնալուն։ Թիմիս հետ արել եմ այն ամենը, ինչն իմ ուժերի սահմաններում էր։ Հիմա պարզապես մնում է սպասել։

-Չե՞ք կարծում, որ միանգամից հինգսեթանոց խաղերով կարող եք վնաս հասցնել առողջությանը։

-Լավ հարց է։ Ես այդ հարցը տվել եմ մասնագետներին, հետո որոշում կայացրել։ Նրանք վստահեցրել են, որ չեմ խորացնի վնասվածքը։

Հիշեցնենք, որ «Australian Open»-ը մեկնարկելու է հունվարի 15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում