Զիդան․ Ցավալի պարտություն է, բայց չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներիս

Զիդան․ Ցավալի պարտություն է, բայց չեմ կարող մեղադրել ֆուտբոլիստներիս

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ռեալ» – «Վիլյառեալ» (0:1) հանդիպումից հետո «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետի՝ մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած մեկնաբանությունները մեջբերված են «Marca»-ից։

Խաղի և ցածր արդյունավետության մասին

«Խնդիրն այն է, որ չկարողացանք գոլ խփել։ Արժանի չէինք այս պարտությանը։ Եթե զուտ խաղով դատենք, ապա մենք լավ հանդես եկանք։ Գնդակները համառորեն չեն ուզում հայտնվել մեր մրցակիցների դարպասում։ Լինում են հանդիպումներ, երբ չի ստացվում գոլ խփել, սակայն հիմա մեզ մոտ մշտապես նման իրավիճակ է։ Այո՛, այս բացատրությունը չի օգնի երկրպագուների վստահությունը վերականգնելու հարցում, բայց մենք արժանի չենք քննադատության։ Պարտվեցինք, սակայն պետք չէ անընդհատ ասել, թե ոչինչ չենք անում։ Պետք է շարունակենք աշխատել, և կգա ժամանակը, երբ կրկին հաղթանակներ կտոնենք»։

Թիմի հոգեբանական վիճակի մասին

«Այս ամենը հասկանալը շատ բարդ է, սակայն ֆուտբոլիստները շարունակում են պայքարել յուրաքանչյուր խաղում։ Ես նրանց ասում են, որ ֆուտբոլում նման փուլեր լինում են, և մենք պետք է փոխենք իրավիճակը։ Անգամ այս բացասական իրավիճակում կարելի է դրականը տեսնել՝ իմ սաները երբեք չեն հանձնվում»։

Ստեղծված իրավիճակի մասին

«Բացատրություններ չունեմ։ Ամեն ինչ անում ենք հաղթելու համար, ունենում ենք հնարավորություններ, սակայն չի ստացվում գոլեր խփել։ Չեմ կարող մեղադրել իմ սաներին։ Այս պարտությունը ցավալի է, բայց մենք արժանի չէինք դրան»։

«Լեգանեսի» հետ առաջիկա հանդիպման մասին

«Հինգշաբթի 90 րոպե կունենանք այս սև շրջանը հաղթահարելու համար։ Մենք շատ տհաճ իրավիճակում ենք հայտնվել, բայց պետք է առաջ նայենք»։

Հանդերձարանի մթնոլորտի մասին

«Մենք քննարկում ենք բոլոր անհաջողությունները և ցածր արդյունավետության պատճառները։ Փորձում ենք գոլեր խփել տարբեր դրություններից, սակայն դեռևս ոչինչ չի ստացվում։ Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ այս սև շրջանը կավարտվի։ Գուցե դա տեղի ունենա հենց հինգաշբթի»։

Մրցաշրջանի նպատակների մասին

«Իրատես ենք։ Առաջնությունում շատ բարդ իրավիճակում ենք, սակայն Գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում հնարավորություններ ունենք։ Առջևում շատ հանդիպումներ կան, իսկ մենք շարունակելու ենք պայքարել»։

Քննադատության և կանխատեսելիության մասին

«Ես համաձայն չեմ, որ ընդհանրապես առաջընթաց չկա։ Մեկ լավ խաղով ամեն ինչ կարող է փոխվել։ Այսօր, «Նումանսիայի» հետ գավաթային խաղում, ավելի վաղ Վիգոյում մենք արժանի էինք հաղթանակների։ Հույս ունեմ՝ հինգշաբթի ամեն ինչ կշտկվի։

Չեմ կարծում, թե կանխատեսելի ենք գրոհում։ Այսօր ևս բավանականաչափ տարբեր հնարավորություններ ունեցանք։ Չեմ կարծում, թե մեր խնդիրը կանխատեսելիության մեջ է»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում