Պաշտոնական. Ռոնալդինյոն ավարտեց կարիերան

Պաշտոնական. Ռոնալդինյոն ավարտեց կարիերան

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն պաշտոնապես ավարտել է կարիերան: Այդ մասին «O Globo»-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Ռոնալդինյոյի եղբայրը` Ասիսը, ով նաև նրա գործակալն է: Բրազիլացին գրեթե 2,5 տարի պաշտոնական խաղերի չէր մասնակցել, սակայն միայն հիմա վերջնականապես հրաժեշտ տվեց ֆուտբոլին: Նրա վերջին խաղի օրն այսուհետ կհամարվի 2015 թվականի սեպտեմբերի 27-ը:

«Ռոնալդինյոն ավարտեց կարիերան: Դա վերջնական որոշում է: Հրաժեշտի խաղի համար Աշխարհի առաջնությունից հետո ինչ-որ խոշոր բան կկազմակերպենք: Մի շարք միջոցառումներ կլինեն Բրազիլիայում, Եվրոպայում և Ասիայում: Բնականաբար, կկազմակերպենք նաև Բրազիլիայի հավաքականի հետ խաղ»,- ասել է 37-ամյա ֆուտբոլիստի եղբայրը:

Իր կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն հանդես է եկել «Գրեմիոյի», «Պարի Սեն Ժերմենի», «Բարսելոնայի», «Միլանի», «Ֆլամենգոյի», «Ատլետիկո Մինեյրոյի», «Կերետարիոյի» ու «Ֆլումինենսեի» կազմում: 2016 ու 2017 թվականներին նա մասնակցել է Հնդկաստանի ֆուտզալի կոմերցիոն մրցաշերերին: Ներկայումս նա «կապտանռնագույնների» դեսպանն է:

«Բարսելոնայի» կազմում հարձակվողական ոճի կիսապաշտպանը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող ու երկու անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր: «Միլանի» կազմում հանճարեղ ֆուտբոլիստը դարձել է Ա Սերիայի չեմպիոն: Հարավային Ամերիկայում նա նշանակալի հաջողության է հասել «Ատլետիկո Մինեյրոյի» հետ` նվաճելով Լիբերտադորեսի գավաթը:

Բրազիլիայի հավաքականի կազմում «կախարդը» 97 խաղ է անցկացրել, 33 գոլ խփել և 2002 թվականի դարձել աշխարհի չեմպիոն: 2005 թվականին Ռոնալդինյոն ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակը: 2004 և 2005 թվականներին նա ՖԻՖԱ-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում