Օբամեյանգը ևս մեկ քայլով մոտեցավ «Արսենալին»

Օբամեյանգը ևս մեկ քայլով մոտեցավ «Արսենալին»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է կարիերան «Արսենալում» շարունակելուն:

«Daily Mirror» պարբերականը հայտնում է, որ գաբոնցին «զինագործների» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Մանրամասները դեռ հայտնի չեն: Միաժամանակ «Bild»-ը տեղեկացնում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն իրեն տրանսֆերի հանելու համար գերմանական ակումբին պաշտոնապես դիմում է ներկայացրել: Դորտմունդցիները պատրաստ են բաց թողնել նրան, եթե ստանան 70 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Արսենալն» Օբամեյանգի համար 60 միլիոն եվրո է առաջարկում: Կա նաև տարբերակ, ըստ որի լոնդոնցիները կվճարեն 35 միլիոն եվրո ու Դորտմունդ կուղարկեն հարձակվող Օլիվյե Ժիրուին:

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 23 խաղում 21 գոլ է խփել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում