Հայտնի են «Արսենալի» հետ Օբամեյանգի համաձայնեցված պայմանագրի մանրամասները

Հայտնի են «Արսենալի» հետ Օբամեյանգի համաձայնեցված պայմանագրի մանրամասները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգն «Արսենալի» հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: «Sky Sport Italia»-ի լրագրող Ջանլուկի Դի Մարցոյին հայտնի են դարձել պայմանագրի մանրամասները:

Այն նախատեսված է լինելու մինչև 2021 թվականի ամառը: Գաբոնցու «մաքուր» (հարկերը վճարելուց հետո) աշխատավարձը կազմելու է տարեկան 10 միլիոն եվրո: «Բորուսսիան» համաձայն է 60 միլիոն եվրոյի դիմաց բաց թողնել իր ռմբարկուին, սակայն ցանկանում է, որ գործարքը կայանա ամռանը: Լոնդոնցիները մտադիր են տրանսֆերը ձևակերպել հունվարին: Հնարավոր է` հակառակ ուղղությամբ մեկնի հարձակվող Օլիվյե Ժիրուն:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ Օբամեյանգը չի մասնակցելու «Հերտայի» դեմ առաջիկա խաղին: «Բորուսսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը հայտարարել է, որ 28-ամյա ֆուտբոլիստը մտքերով այլ տեղ է:

Ցորկը նաև դժգոհել էր «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի խոսքերից, ով ակնարկել էր, որ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լոնդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում