Անակնկալ առաջարկ, մերժում և վնասվածք. «Չելսին»` նոր հարձակվողի փնտրտուքի մեջ

Անակնկալ առաջարկ, մերժում և վնասվածք. «Չելսին»` նոր հարձակվողի փնտրտուքի մեջ

«Չելսին» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր հարձակվող ձեռք բերել: Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ակումբի ղեկավարներին հայտնել է, որ նրան բարձրահասակ հարձակվող է հարկավոր և «կապույտներն» անմիջապապես սկսել են տարբեր թիմերի հետ բանակցություններ վարել:

«Չելսիի» կազմած ցուցակից առաջին ֆուտբոլիստը, ում մասին հայտնի դարձավ, «Վեսթ Հեմում» հանդես եկող Էնդի Քերոլն էր: «Թոշակառուներն» առաջարկ կատարեցին իրենց համաքաղաքացիներին, ըստ որի պատրաստ էին 23 միլիոն եվրո վճարել 29-ամյա անգլիացու դիմաց: Հետագայում հայտնի դարձավ, որ գործարքը խափանվել է, որովհետև Քերոլի մոտ ծանր վնասվածք է հայտնաբերվել: Նա բաց է թողնելու 6 շաբաթ, իսկ եթե որոշի վիրահատության ենթարկվել, ապաքինումը կերկարի մինչև 4 ամիս,- գրում է «The Telegraph»:

Հետագայում «Չելսին» հայացքն ուղղել է Իտալիայի՝ մասնավորապես «Ռոմայի» կողմը: Անգլիական թիմը բացի կենտրոնական հարձակվողից նաև մտածում է ձախ պաշտպանի դիրքն ամրապնդելու շուրջ, այդ պատճառով կրկնակի առաջարկով է դիմել «գայլերին»: «Sky Sport Italia»-ից տեղեկանում ենք, որ «Չելսին» պատրաստակամություն է հայտնել 50 միլիոն եվրո վճարել Էդին Ջեկոյի ու ձախ պաշտպան Էմերսոնի համար, ինպես նաև վարձավճարով Հռոմ ուղարկել Միշի Բատշուայիին: Իտալական ակումբը հրաժարվել է բաց թողնել բոսնիացուն:



Միաժամանակ նույն «The Telegraph»-ին հայտնի է դարձել, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերային հարցում է կատարել «Սթոք Սիթիի» հարձակվող Պիտեր Կրաուչի վերաբերյալ, ով հունվարին դառնալու է 37 տարեկան: «Թոշակառուները» դիտարկում են վարձավճարի տարբերակը: Այդ լուրը զարմացրել է Անգլիայի ֆուտբոլային հասարակությանը: «Sky Sports»-ն այն համարել է «Չելսիի» պատմության ամենաանսպասելի տրանսֆերային քայլերից մեկը։

Նշված ֆուտբոլիստներից բացի «Չելսին» դիտարկում է նաև Դանիել Սթարիջի («Լիվերպուլ»), Ֆերնանդո Լյորենտեի («Տոտենհեմ») և Կրիստիան Բենտեկեի («Քրիսթալ Փելաս») թեկնածությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում