Մոուրինյու. Մխիթարյան-Սանչես փոխանակումն ինձնից կախված չէ

Մոուրինյու. Մխիթարյան-Սանչես փոխանակումն ինձնից կախված չէ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Բերնլիի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի ու «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերների մոտալուտ փոխանակմանը:

«Դեռ նորություն չկա: Կարծում եմ` բոլորն արդեն գիտեն այդ գործարքի մանրամասները, հատկապես «Արսենալի» մարզչի այդքան բացահայտ խոսքերից հետո: Այս պահին Մխիթարյանը մեր ֆուտբոլիստն է, իսկ Սանչեսը` «Արսենալի»: Չեմ ցանկանում այդ մասին շատ մտածել, որովհետև պետք է կենտրոնանամ վաղվա խաղի վրա:

Չեմ կարող ասել, թե այդ գործարքը որքանով է կախված Մխիթարյանից: Երբեմն մարդկանց թվում է, թե տրանսֆերների բանակցություններին մասնակցում են մարզիչները, սակայն ամեն ինչ կախված է ակումբից: Ես նման հարցերին մասնակցություն չեմ ունենում, այլ պարզապես սպասում եմ նորություններին:

Սանչեսի մասին կխոսեմ, եթե պայմանագիր կնքենք նրա հետ: Այդ ժամանակ կասեմ, թե նա ինչ կարող է տալ մեր թիմին: Այս պահին նա «Արսենալի» ֆուտբոլիստն է, այդ պատճառով չեմ կարող խոսել նրա մասին: Տրանսֆերի շուրջ իմ մասնակցությունը սահմանափակվել է միայն նրանով, որ ակումբի ղեկավարությանը նշել եմ այն պատճառները, թե ինչու եմ այդ ֆուտբոլիստին ցանկանում տեսնել իմ թիմում»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագն այսօր մասնակցել է մանչեսթերցիների մարզմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում