Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը

Ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց առաջնությունը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց 73-րդ առաջնությունը: Մրցաշարի վերջին տուրում պետք է որոշվեին առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրները. չեմպիոնի տիտղոսը մրցաշարի ավարտից դեռևս մեկ տուր առաջ նվաճել էր Մարիա Կուրսովան:

Արծաթե և բրոնզե մեդալների համար պայքար էր ընթանում 5-ական միավորով 2-3-րդ հորիզոնականները կիսող Սիրանուշ Ղուկասյանի և Աննա Սարգսյանի ու 4.5-ական միավորներով 4-5-րդ հորիզոնականները կիսող Լիլիթ Գալոյանի և Մարիա Գևորգյանի միջև: Ղուկասյանը վստահ հաղթանակ տոնեց Աննա Խաչատրյանի նկատմամբ, Աննա Սարգսյանը պարտություն կրեց Նարե Առաքելյանից, Լիլիթ Գալոյան ոչ-ոքի խաղաց չեմպիոնի կարգավիճակում հանդես եկող Մարիա Կուրսովայի հետ, իսկ Մարիա Գևորգյանը պարտվեց Սոնա Ասատրյանին:

Արդյունքում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը, իսկ պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանը, ով հիանալի մեկնարկ էր ունեցել առաջնության սկզբում գրավեց միայն 4-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում