Մարիա Կուրսովա. Բախտը չեմպիոններին է ժպտում

Մարիա Կուրսովա. Բախտը չեմպիոններին է ժպտում

Արդեն տեղեկացրել ենք, որ շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն է դարձել Մարիա Կուրսովան, ով 2011 թվականին գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ ամուսնանալուց հետո սկսեց հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Կուրսովայի համար այս չեմպիոնությունը երկրորդն է, 2012 թվականին ևս Մարիան դարձել էր Հայաստանի չեմպիոն։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Մարիա Կուրսովան կիսվել է տպավորություններով։

– Մարիա, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Այս տիտղոսն, առաջինի համամատ, ավելի դժվարությա՞մբ տրվեց:

– Շնորհակալություն: Երկու առաջնություններն էլ հեշտ չէին: Այս անգամ խաղս ստացվեց, պարտիաների որակից գոհ եմ: Երբեմն բախտս բերում էր, բայց ինչպես ասում են՝ բախտը չեմպիոններին է ժպտում (խմբ.-ժպտում է):

– Երկար ժամանակ Աննա Սարգսյանի հետ առաջատարի դիրքում էիք: Ինչպե՞ս դասավորվեց նախավերջին տուրի որոշիչ պարտիան ձեր միջև:

– Ամենասկզբից ինձ հաջողվեց առավելություն ստանալ: Խաղը լարված էր, բայց կարողացա գործը հաղթական ավարտին հասցնել:

– Դուք և Լիլիթ Գալոյանը, հավաքականում երաշխավորված տեղ ունենալով, վերջին տարիներին հանդես չէիք գալիս Հայաստանի առաջնությունում: Դժվա՞ր էր կենտրոնանալ պայքարի վրա:

– Ինչ-որ չափով այո: Այժմ մենք ստիպված էինք պայքարել ազգային հավաքականի ուղեգրի համար: Կարծում եմ՝ հուզմունքը խանգարեց Լիլիթին խաղալ ամբողջ ուժով: Բացի այդ, մյուս աղջիկները վերջին ժամանակներում սկսել են ավելի ուժեղ խաղ ցուցադրել: Կնշեմ Մարիա Գևորգյանին, Աննա Սարգսյանին և Սիրանուշ Ղուկասյանին:

– Ինչպե՞ս եք գնահատում ազգային ֆեդերացիայի՝ հավաքական ձևավորելու նոր սկզբունքը:

– Անձամբ ինձ համար տհաճ անակնկալ էր: Այդ մասին իմացանք դեկտեմբերի վերջին և ժամանակ չունեինք լիարժեք նախապատրաստվելու: Հավաքական ձևավորելու նախկին սկզբունքը պարզ և հստակ էր: Թե ինչպիսի չափանիշներով ֆեդերացիան այժմ կառաջնորդվի, դեռ անհասկանալի է: Սակայն, մյուս շախմատիստների համար հավաքական մտնելու լրացուցիչ հնարավորություն ի հայտ եկավ: Տեսնենք՝ ինչ կստացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում