«Ռեալն» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

«Ռեալն» արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Մեստալյա» մարզադաշտում․ «Վալենսիան» հյուրընկալեց Մադրիդի «Ռեալին» և պարտություն կրեց՝ 1։4։

Առաջին կեսում երկու սխալի արդյունքում «չղջիկները» 2 գնդակ բաց թողեցին։ 16-րդ րոպեին «սերուցքայինների» հակագրոհի ժամանակ Մարտին Մոնտոյան սեփական տուգանային հրապարակում խախտեց Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը նշանակեց 11-մետրանոց տուգանային, որն անվրեպ իրացրեց հենց պորտուգալացի ռմբարկուն։ 38-րդ րոպեին նույն Մոնտոյան խախտեց կանոնները Կարիմ Բենզեմայի նկատմամբ, ինչի արդյունքում դաշտի տերերի դարպասին նշանակվեց երկրորդ 11-մետրանոցը․ այս անգամ ևս նշակետին մոտացավ Ռոնալդուն և կրկին չվրիպեց։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 58-րդ րոպեին, Սանտի Մինան կրճատեց հաշվի տարբերությունը։ Մնացած ժամանակահատվածում Մարսելինո Գարսիա Տորալի սաներին ավելին անել չհաջողվեց, իսկ ահա «սերուցքայինները» խաղավերջին երկու գեղեցիկ գոլ խփեցին։ 84-րդ րոպեին տպավորիչ խաղացին Մարկո Ասենսիոն և Մարսելոն, և բրազիլացին խփեց իր թիմի երրորդ գոլը, իսկ 89-րդ Մատեո Կովաչիչի փոխանցումից հետո աչքի ընկավ Թոնի Կրոսը։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 38 միավոր (20 խաղ) և շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, իսկ «Վալենսիան» մնաց 40 միավորով երրորդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1։4
Գոլերը՝ Մինա 58՛ – Ռոնալդու 16՛ / 11-մետրանոց, 38՛ / 11-մետրանոց, Մարսելո 84՛, Կրոս 89՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում