Ռոջեր Ֆեդերեր․ Տարիքը խնդիր չէ

Ռոջեր Ֆեդերեր․ Տարիքը խնդիր չէ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում Մարին Չիլիչի նկատմամբ տոնած հաղթանակից (6:2, 6:7, 6:3, 3:6, 6:1) հետո պատասխանել է մրցաշարի մամուլի ծառայության հարցերին։

-Ի՞նչ էիք մտածում վճռորոշ սեթից առաջ։

-Պարզապես փորձում էի վերգտնել իմ տեմպը, կրկին լավ մատուցումներ կատարել, վերադարձնել հաջողությունս։ Վերջին սեթի առաջին գեյմում հաղթելուց հետո խաղի ընթացքը փոխվեց։ Կարծում եմ՝ փորձն ու հաջողությունն օգնեցին ինձ։ 

-«Մեծ սաղավարտի» մրցաշարերում 20 տիտղոս։ Այս թիվը Ձեզ համար յուրահատուկ նշանակություն ունի՞։

-Թիվը ոչ։ 20 թվի հետ կապված որևէ նշանակալի հիշողություն չունեմ։ Խաղից առաջ թվերի մասին չէի մտածում, քանի որ երբ շատ հեռուն են նայում, սկսում ես խնդիրներ ունենալ։ Ամբողջ օրվա ընթացքում միայն զգացողություններիս մասին էի մտածում՝ ինչպե՞ս ինձ կզգամ, եթե հաղթեմ և ինչպե՞ս կզգամ պարտվելու դեպքում։ Ես շատ մոտ էի հաղթանակին, բայց նաև շատ հեռու էի։ Հանդիպման ընթացքում էլ այդ մասին էի մտածում։ Նախկինում ևս նման զգացողություններ ունեցել եմ, սակայն այսօր ամեն ինչ ավելի սուր էր։ Եվ, բնականաբար, 20 տիտղոսն ինձ համար մեծ նվաճում է։

-36 տարեկան եք, ունեք «Մեծ սաղավարտի» 20 տիտղոս։ Ինչպե՞ս եք պահպանում մոտիվացիան։

-Ես չեմ մասնակցում բոլոր հնարավոր մրցաշարերին։ Ինձ դուր է գալիս նաև մարզվել։ Հիանալի թիմ ունեմ, որն ինձ շատ է օգնում։ Ինձ մոտիվացնում է այն, որ տեսնում եմ՝ ծնողներս հետևում են խաղերիս, հպարտանում ինձանով, ուրախանում։ Բացի այդ, ոչինչ չէր ստացվի, եթե կինս համաձայն չլիներ այդքան ուղևորություններ կատարել ինձ հետ միասին։ Եթե չլիներ կնոջս աջակցությունը, ես վաղուց չէի խաղա։ 

-36 տարեկանում խաղում եք ավելի երիտասարդ, ֆիզիկապես ավելի ուժեղ թենիսիստների հետ։ Դեռ որքա՞ն ժամանակ կկարողանաք մնալ այս մակարդակում։

-Չգիտեմ։ Անկեղծ՝ պատկերացում չունեմ։ Վերջին 12 ամսում «Մեծ սաղավարտի» 3 տիտղոս եմ նվաճել։ Ինքս էլ չեմ կարողանում հավատալ դրան։ Չեմ կարծում, թե տարիքը խնդիր է։ Դա ընդամենը թիվ է։ Պարզապես պետք է ճիշտ ժամանակացույց կազմել, ճիշտ նպատակներ սահմանել։ Հենց նման բաներն են որոշում, թե որքան հաջողակ կլինես։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում