«Չելսին» հրաժարվել է Ջեկոյի տրանսֆերից ու դիտարկում է երկու այլ տարբերակ

«Չելսին» հրաժարվել է Ջեկոյի տրանսֆերից ու դիտարկում է երկու այլ տարբերակ

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն չի տեղափոխվելու «Չելսի»: «Sky Sports»-ը հայտնում է, որ «թոշակառուներն» աշխատավարձի վերաբերյալ 31-ամյա ֆուտբոլիստի պահանջները չափազանցված են համարել:

Փոխարենը, լոնդոնցիներն ու հռոմեացիները համաձայնեցրել են ձախ պաշտպան Էմերսոնի տեղափոխությունը: Վերջինս արդեն Լոնդոնում է:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ «Չելսին» «Արսենալի» հետ բանակցում է հարձակվող Օլիվյե Ժիրուի տրանսֆերի շուրջ: Սկզբում տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» համաձայնվել էին 15 միլիոն ֆունտով (գումարած պարգևավճարներ) բաց թողնել ֆրանսիացուն, սակայն BBC․com-ը գրում է, որ առայժմ պայմանավորվածություն առկա չէ: Ժիրուն կողմ է միանալ «կապույտներին»:

Մեծ է հավանականությունը, որ «Չելսին», «Արսենալը» և Դորտմունդի «Բորուսսիան» հարձակվողների եռակողմ տրանսֆերներ կկատարեն, ըստ որի Ժիրուն կմիանա «կապույտներին», Միշի Բատշուային` գերմանացիներին, իսկ Պյեր Էմերիկ Օբամեյանգը` «զինագործներին»:

Ներկայումս «Չելսին» լրջորեն դիտարկում է նաև «Տոտենհեմի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի տարբերակը: Վերջինս Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ խաղացել է «Յուվենտուսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում