Տրանսֆերային պատուհանի վերջին օրը

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը

Շնորհակալություն, որ մեզ հետ էիք:

Այսքանով ավարտում ենք մեր տրանսֆերային դեդլայնը: Վերջում ներկայացնում ենք օրվա գլխավոր իրադարձությունների ցանկով.

1. Պյեր Էմերիկ Օբամեյանգն 63 միլիոն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվեց «Արսենալ»: Դա լոնդոնցիների տրանսֆերային նոր ռեկորդն է:

2. Օբամեյանգի տեղափոխությունը շղթայական ռեակցիա առաջացրեց: Բորուսսիան նրա փոխարեն վարձակալեց «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին, իսկ «կապույտները» 18 միլիոն եվրոյով «Արսենալից» ձեռք բերեցին Օլիվյե Ժիրուին:

3. «Մանչեսթեր Սիթին» միանգամից 3 առաջարկ կատարեց «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մարեզի տրանսֆերի համար, սակայն մերժումներ ստացավ: Վերջին առաջարկը «քաղաքայինների» համար ռեկորդի կրկնություն էր` 74 միլիոն եվրո:

4. «Պարի Սեն ժերմենից» «Տոտենհեմ» տեղափոխվեց եզրային հարձակվող Լուկաս Մոուրան: Նրա տրանսֆերն արժեցավ 28,5 միլիոն եվրո 

5. Անդրե Այուն 22 միլիոն եվրոյի դիմաց «Վեսթ Հեմից» վերադարձավ «Սուոնսի», որի կազմում անցկացրել է Անգլիայում իր լավագույն մրցաշրջանը: 

_______________________________________________________________________________

03:53. Պաշտոնական. «Նյուքասլը» հասցրել է վարձակալել «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին:

03:11. «Լաս Պալմասում» կարծում են, որ Սեգունդայում իջնելուց խոսափել կարող են եթե նոր հարձակվող ձեռք բերեն: Այդպիսին է համարվում «Օլիմպիակոսը» ներկայացնող Էմանուել Էմենիկեն: Իսպանական ակումբը նրան վարձակալել է կես տարով: Նիգերացին հայ ֆուտբոլասերին հայտնի է Մոսկվայի «Սպարտակում» ունեցած ելույթներով:

03:07. «Լիվերպուլի» մեկ այլ ֆուտբոլիստ` կիսապաշտպան Լազար Մարկովիչը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Անդերլեխտ»

03:04. «Լիվերպուլի» եզրային պաշտպան Ջոն Ֆլենագանը կես տարվա վարձավճարով կխաղա «Բոլթոնում»:

03:00. Փակվեց տրանսֆերային պատուհանը, սակայն վերջին րոպեներին մի քանի գործարքներ են ձևակերպվել:

02:43. Կիսապաշտպան Սերխի Սամպերը «Լաս Պալմասում» անցկացրած վարձակալությունից վերադարձել է «Բարսելոնա»: Ակումբները երկկողմ համաձայնությամբ խզել են մինչև ամառ գործող համաձայնագիրը: Իսպանացին հունվարի 12-ին սրունքի վիրահատության է ենթարկվել և բաց է թողնելու ընթացիկ մրցաշրջանը: Կատալոնացիներն իրենց սանին վերադարձրել են, որպեսզի նա բուժվի տեղի բժիշկների հսկողության տակ:

02:27. Անգլիայում տրանսֆերային պատուհանի փակմանը դեռ կես ժամ կա: Դեռ չի հայտարավել Էլիակիմ Մանգալայի տրանսֆերի մասին: Սակայն դա չի նշանակում, որ այն չի կայացել: Կարևորը գրանցելն է, իսկ հայտարարել կարող են նույնիսկ առավոտյան: 

02:21. «Ռեալ Սոսյեդադը» փոխարինող գտավ «Ատլետիկ» տեղափոխված Ինիգո Մարտինեսին: «Ռոմայից» Սան Սեբաստիան է տեղափոխվել Էկտոր Մորենոն: Տրանսֆերը` 6 միլիոն եվրո:

01:47. Երկար սպասված տրանսֆեր: Անդրե Այուն «Վեսթ Հեմից» վերադարձավ «Սուոնսի»: 1,5 տարի առաջ լոնդոնցիները նրա համար 24 միլիոն եվրո էին վճարել, իսկ այժմ բաց թողեցին 22,8 միլիոնով: «Կարապների» կազմում գանացին կխաղա իր եղբոր` Ջորդան Այուի հետ միասին:

01:19. «Սթոք Սիթին» 16 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Գալաթասարայի» կիսապաշտպան Պապա Նդիայեին: Պրեմիեր լիգայում մնալու վերջին հո՞ւյսը:

00:33. «Ֆիորենտինայի» հարձակվող Խումա Բաբակարն երկար ժամանակ խոստումնալից էր, սակայն «մանուշակները» հոգնել են սպասել նրա զարգացմանը և վարձավճարով ուղարկել են «Սասուոլո»:

00:15. Ահա և «Ռոմայի» նորեկ Խոնաթան Սիլվան, որի տեղափոխության մասին գրել էինք առավոտյան: «Գայլերը» Սպորտինգից վարձակալել են պաշտպանին:

23:44. Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էմանուելե Ջակերինին կարիերան շարունակելու է «Կիևոյում»: 32-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիում» այդպես էլ մեկնարկային կազմի ֆուտբոլիստ չդարձավ: Նա Վերոնա քաղաքում կխաղա վարձավճարով:

23:10. Պարզվում է «Արսենալն» «ընդամենը» 12 միլիոն եվրո է առաջարկել Ջոնի Էվանսի տրանսֆերի համար: Անգլիական մամուլը գրում է, որ «Վեսթ Բրոմվիչը» ծաղրանքով է պատասխանել «զինագործներին»:

22:45. Շարունակելով «Սենտ Էտիենի» թեման: Այդ ակումբում հանդես եկող Ֆլորենտեն Պոգբան` Պոլ Պոգբայի ավագ եղբայրը կարիերան շարունակելու է թուրքական «Գենչլերբիրլիգիում»:

22:44. «Արսենալը» շարունակում է օրվա ամենաակտիվ ակումբը մնալ: «Զինագործներն» անվճար բաց են թողել աջ պաշտպան Մատյե Դեբյուշիին, ով դարձել է «Սենտ Էտիենի» ֆուտբոլիստ: 

22:38. Լուկաս Մոուրան պաշտոնապես դարձավ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ: ՊՍԺ-ն ստանալու է 28,5 միլիոն եվրո: Բրազիլացին անգլիական ակումբի հետ 5,5 տարվա պայմանագիր է կնքել:

22:22. Ինչպես երևում է «Արսենալին դուր է եկել տրանսֆերներ կատարելը և ակումբը ցանկանում է ամրապնդել նաև պաշտպանությունը: Երեկվա խաղից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ դա պարտադիր է: Սկզբում շշուկներ պտտվեցին «Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասի շուրջ, սակայն դրանք արագորեն հերքվեցին: Այժմ «զինագործների» գլխավոր տրանսֆերային նպատակը «Վեսթ Բրոմվիչը» ներկայացնող Ջոնի Էվանսն է: Համապատասխան հարցումն արդեն կատարվել է:

22:01. Անվանի հարձակվող Ջամպաոլո Պացինին առաջին անգամ դարձել է լեգիոներ: Իտալացին «Վերոնայից» վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Լևանտե»:

21:40. Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Աուգուստո Ֆերնանդեսը ելույթները շարունակելու է չինական «Պեկին Ռենհե» ակումբում: Նրա տրանսֆերի համար վճարվել է 4,5 միլիոն եվրո:

21:10. Ռիյադ Մարեզը չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»: Sky Sports-ը հայտնում է, որ «քաղաքայինները» հրաժարվել են ալժիրցու տրանսֆերից, երբ «Լեսթերը» մերժել է նրանց վերջին` 74-միլիոնանոց (եվրո) առաջարկը: 

21:00. Պաշտոնական. Դորտմունդի «Բորուսսիան» կես տարով վարձակալեց «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիին: Նա խաղալու է 44 համարի մարզաշապիկով

20:57. Պաշտոնական. Օլիվյե Ժիրուն տեղափոխվեց «Չելսի»: Տրանսֆերը կազմել է 18 միլիոն եվրո: 

20:09. «Ուոթֆորդի» հարձակվող Իսաակ Սակսեսը վերադարձել է Իսպանիա: «Գրանադայի» նախկին ֆուտբոլիստը վարձավճարով խաղալու է «Մալագայում»:

20:07. «Սպարտակը» ձեռք է բերել «Անդերլեխտի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Սոֆիան Հանիին: Տրանսֆերը կազմել է 8 միլիոն եվրո:

20:01. Գերմանիայում տրանսֆերային պատուհանը փակվելու է մեկ ժամից, իսկ «Բորուսսիան» դեռ չի հայտարարել Միշի Բատշուայիի տրանսֆերի մասին:

19:58. Խավյեր Պաստորեի գործակալը վերադառնում է Միլան: ՊՍԺ-ի կիսապաշտպանի` «Ինտեր» տեղափոխությունը, կարծես, չի կայանա:

19:25. Տրանսֆերի են սպասում նաև Հայաստանի հավաքականի երկրպագուները: Մարկոս Պիզելին մոտ է ղազախական «Ակտոբե» վերադառնալուն: Տեղափոխության մասին կարող է հայտարարվել առաջիկա ժամանակահատվածում:

19:05. «Մանչեսթեր Սիթին» վերջնական առաջարկ է կատարել Ռիյադ Մարեզի տրանսֆերի շուրջ: Այն կազմում է 74 միլիոն եվրո: Skysports.com-ը հայտնում է, որ «աղվեսները» պատրաստ են ընդունել այն, եթե առաջիկա ժամերի ընթացքում ալժիրցուն փոխարինող գտնեն:

18:48. Վերջին օրերի ընթացքում զգալիորեն առաջադիմել են «Բարսելոնայի» ու «Գրեմիոյի» միջև բանակցությունները կիսապաշտպան Արթուր Ռամոսի տրանսֆերի շուրջ: Հնարավոր է՝ կատալոնացիներն այսօր ձեռք բերեն բրազիլացուն և նրան վարձավճարով թողնեն «Գրեմիոյում»:

18:33. «Սպարտակի» առաջատար Քվինսի Պրոմեսը ընդունելու է «Սաութհեմփթոնի» առաջարկը, եթե անգլիացիները պայմանավորվեն ռուսների հետ: Մոսկվացիներն արդեն մերժել են 30 միլիոն եվրո արժողությամբ առաջարկներից մեկը:

18:19. Օլիվյե Ժիրուի` «Չելսի» տեղափոխությունը փաստացի կայացել է: Սպասում ենք պաշտոնական հայտարարությանը:

17:38. Ռիյադ Մարեզի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության շուրջ դրական տեղաշարժ չկա, որովհետև «Լեսթերը» մերժել է «քաղաքայինների» հերթական առաջարկը: Միաժամանակ BBC Sport-ը հայտնում է, որ ալժիրցին, «աղվեսներին» տրանսֆերային հարցում ներկայացնելով, զայրացրել է իր թիմակիցներին, ովքեր նրա հետ հույսեր էին կապում: Մարեզը դժգոհ է «Լեսթերի» ղեկավարությունից, որը Պրեմիեր լիգայում չեմպիոնությունից հետո համաձայնել է վաճառել Նգոլո Կանտեին ու Դենի Դրինկուոթերին, սակայն նրան բաց չի թողնում:

17:26. Զավեշտ: «Նապոլին» փորձել է ձեռք բերել «Էվերթոնի» կիսապաշտպան Դեյվի Կլասենին, սակայն միայն վերջին պահին է հասկացել, որ հոլանդացին չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի խաղերին,- գրում է «Sky Italia»-ն: Նա լիվերպուլցիների կազմում արդեն մասնակցել է այդ մրցաշարին: Այժմ գործարքի հավանականությունը նվազել է:

17:01. Ջորդան ու Անդրե Այու եղբայրները մոտ են ակումբակիցներ դառնալուն: «Sky Sports»-ը հայտնում է, որ «Սուոնսին» 20 միլիոն եվրո է առաջարկել Անդրեի համար: «Վեսթ Հեմը» նրան փոխարինող է փնտրում: 

16:32. «Բարսելոնայի» ակադեմիայի ամենատաղանդավոր խաղացողներից մեկը համարվող Սերխիո Գոմեսը տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսսիա»: Գործարքը կազմել է 3 միլիոն եվրո: 17-ամյա ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանից խաղալու է «Բորուսսիայի» գլխավոր թիմում, իսկ ընթացիկը կանկացնի մինչև 19 տարեկանների հետ:

16:03. Միշի Բատշուային այս պահին բուժզննում է անցնում Դորտմունդի «Բորուսսիայի» համար:

15:50. Խոսե Անտոնիո Ռեյեսը երեկ տեղափոխվել է իսպանական «Կորդոբա», իսկ այսօր կայացել է նրա շնորհանդեսը:

15:30. «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան կես տարվա վարձակալությամբ տեղափոխվել է Տուլայի «Արսենալ»:

15:12. Պաշտոնական. Պյեր Էմերիկ Օբամեյանգը` «Արսենալի» ֆուտբոլիստ: «Բորուսսիան» հաստատեց տրանսֆերը: 

15:10. «Բետիսը» Մադրիդի «Ռեալին» առաջարկել է վարձակալել կիսապաշտպան Մարկոս Լյորենտեին։

15:02. «Նյուքասլը» վաղուց կենտրոնական հարձակվող է փնտրում: Բազմաթիվ տարբերակներից հետո անգլիական թիմը պայմանավորվել է «Լեսթերի» հետ Իսլամ Սլիմանիի վարձակալության շուրջ։ 

14:37. «Մանչեսթեր Սիթին» երրորդ առաջարկն է կատարել Ռիյադ Մարեզի տրանսֆերի շուրջ: Այն կազմել է 68 միլիոն եվրո:

14:22. Օբամեյանգն այս պահին բուժզննում է անցնում «Արսենալի» համար: Նրա 14 համարի մարզաշապիկն արդեն պատրաստ է:

14:00. «Չելսին» ու «Բորուսսիան» համաձայնեցրել են հարձակվող Միշի Բատշուայիի վարձակալության պայմանները: Անձնական համաձայնագրի շուրջ բելգիացին ավելի շուտ էր պայմանավորվել դորտմունդցիների հետ: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա ժամերի ընթացքում:

13:54. Կրկին «Ինտերը: Միլանցիների պաշտպան Յուտո Նագատոմոն տեղափոխվելու է «Գալաթասարայ»: Թուրքական ակումբը հաստատել է նախնական համաձայնության առկայությունը:

13:50. Նորություններ «Ինտերից»: «Ներաձուրին» երկար սպասված քայլն է ձեռնարկել «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Խավյեր Պաստորեի տեղափոխության շուրջ: «Ինտերը» պատրաստ է 5 միլիոն եվրոյով վարձակալել արգենտինացուն, ինչպես նաև հետագայում 25 միլիոնով գնել նրա ամբողջական տրանսֆերը: Կարևոր պայման է աշխատավարձի հարցը: Իտալացիները պատրաստ են վարձակալության ժամանակ այն ամբողջությամբ վճարել: 

13:45. «Mirror»-ը հայտնում է, որ Էլիակիմ Մանգալայի վարձակալության վերաբերյալ «Մանչեսթեր Սիթին» ու «Էվերթոնը» համաձայնության են հասել: Սպասում ենք պաշտոնական հաստատմանը:

13:36. Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Ադմիր Մեհմեդին «Բայերից» տեղափոխվել է «Վոլֆսբուրգ»: «Գայլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքվել է 4,5 տարվա պայմանագիր: Նոր թիմում նա խաղալու է 22 համարի մարզաշապիկով:

13:21. Վերջին պահին խափանվել է Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Անդրե Շյուրլե տեղափոխությունը «Սուոնսի»: Գերմանացին պետք է 2 տարվա վաձակալությամբ միանար «կարապներին», սակայն երեկ Անդրեյ Յարմոլենկոն վնասվածք է ստացել և Շյուրլեն մնացել է Դորտմունդում,- գրում է skysports.com-ը:

13:09. «Սևիլյան» մեկ օրում երեք նորեկ ունեցավ: Սանդրո Ռամիրեսից բացի, որի մասին արդեն գրել ենք, անդալուսցիներին միացել են նաև Միգել Լայունն ու Ռոկե Մեսան: Այդ խաղացողներին Սևիլյան վարձակալել է, համապատասխանաբար, «Պորտուից» և «Սուոնսիից»: 

12:50. «Միլանը» խզել է պայմանագիրը պաշտպան Գաբրիել Պալետայի հետ: 

12:40. «Ռոման» ու «Մանչեսթեր Յունայթեդը» տևական ժամանակ բանակցել են պաշտպան Դեյլի Բլինդի տրանսֆերի շուրջ, սակայն այդպես էլ համաձայնության չեն հասել,- գրում է gianlucadimarzio.com: «Գայլերը» ստիպված անցել են պահեստային տարբերակին, որը Լիսաբոնի «Սպորտինգի» ձախ պաշտպան Ջոնմաթան Սիլվան է, ում տրանսֆերի համար վճարվելու է 6 միլիոն եվրո: Նա դառնալու է «Չելսի» տեղափոխված Էմերսոնին փոխարինողը:

12:22. Սամուել Էտո’Oն շարունակում է ակումբը փոխելու իր ավանդույթը: Կամերունցին թուրքական «Անթալյասփորից» տեղափոխվել է «Կոնյասփոր»: 2009 թվականին «Բարսելոնայից» հեռանալուց հետո սա կդառնա Սամուի 7-րդ թիմը:

12:05. «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էլիակիմ Մանգալան, ամենայն հավանականությամբ, կփոխի թիմը: Էմերիկ Լապորտի տրանսֆերից հետո վերջինիս առանց այդ էլ քիչ խաղաժամանակը նվազագույնի է հասնելու: «Sky Sports»-ը հայտնում է, որ ֆրանսիացու տեղափոխության շուրջ արդեն առաջարկ են կատարել «Էվերթոնը», «Վալենսիան» ու «Նյուքասլը»: Ֆավորիտ է համարվում լիվերպուլյան ակումբը:

11:43. «Բարսելոնայի» սաները վերադառնում են Իսպանիա: Դորտմունդի «Բորուսսիայի» պաշտպան Մարկ Բարտրան դարձել է «Բետիսի» ֆուտբոլիստ, որի հետ կնքել է 5,5 տարվա պայմանագիր: Ըստ transfermarkt.de-ի` գործարքը կազմել է 10,5 միլիո եվրո:

Նախկին թիմակցի օրինակին հետևել է նաև «Էվերթոնի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը, ով կատալոնացի պաշտպանի հետ կխաղա նույն քաղաքում, բայց այլ ակումբում` «Սևիլյայում»: Անդալուսցիները վարձակալել են 22-ամյա ֆուտբոլիստին:

11:40. «Ռոմայի» ձախ պաշտպան Էմերսոն Պալմյերին կեսգիշերից հետո պաշտոնապես տեղափոխվել է «Չելսի»: Գործարքը կազմել է 20 միլիոն եվրո:

____________________________________________________________________________

Երբեք ձմեռային տրանսֆերային պատուհանն այսքան հագեցած չի եղել, որքան այս տարի: Հունվարյան տրանսֆերների ռեկորդների եռյակը հենց այս տարի գրանցվեց (Կոուտինյո, Վան Դեյկ, Լապորտ): Այսօր սպասվում են ոչ պակաս աղմկալի գործարքներ: 

Ի՞նչ տրանսֆերներ սպասել այսօր.

1. Պյեր Էմերիկ Օբամեյանգը շատ մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն: «Բորուսսիայի» ֆուտբոլիստը երեկ ժամանել է «զինագործների» մարզաբազա, որպեսզի բուժզննում անցնի: Գործարքը ռեկորդային կլինի լոնդոնցիների համար և կկազմի մոտ 63 միլիոն եվրո:

2. Օբամեյանգի տրանսֆերը շղթայական ռեակցիա է առաջացրել, որի հետևանքով «Բորուսսիան» որոշել է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայինն և արդեն համաձայնեցրել նրա անձնական պայմանագրի կետերը: «Չելսին» իր հերթին բելգիացուն փոխարինելու է «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի միջոցով, ում տրանսֆերը համաձայնեցրել է 20 միլիոն եվրոյով:

3. «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեն ծնկի վնասվածք է ստացել, որի հետևանքով բաց է թողնելու մոտ 2 ամիս: Եթե մեկ շաբաթ առաջ այդ դիքն ամրապնդելու համար Ալեքսիս Սանչեսը պարզապես ցանկալի տեղափոխություն էր, ուստի «քաղաքայինները» բոլոր ջանքերը չգործադրեցին նրան իրենց կողմը գրավելու համար, ապա այժմ նոր վինգերն անհրաժեշտություն է դարձել: Այդ պատճառով «Մանչեսթեր Սիթին» սկսել է բանակցել «Լեսթերի» առաջատարներից մեկի` Ռիյադ Մարեզի տրանսֆերի շուրջ: «Քաղաքայիններն» արդեն առաջարկել են 57 միլիոն եվրո, ապա նաև 62 միլիոն: «Աղվեսներն» առայժմ մերժում են ու պահանջում 102 միլիոն:

4. Տարբերակ կա, ըստ որի Մադրիդի «Ռեալը» տրանսֆերային պայթյուն է պատրաստել ու այսօր կգնի «Ինտերի» ռմբարկու Մաուրո Իկարդիին: Այդ մասին գրում է արգենտինական մամուլը: Ըստ տեղեկությունների` «արքայական ակումբը» «ներաձուրիին» վճարելու է 106 միլիոն եվրո, ինչպես նաև Միլան է ուղարկելու Մատեո Կովաչիչին: Այդ տրանսֆերը քիչ հավանական էր թվում, սակայն Իկարդին երեկ իր թվիթերյան էջում գրել է. «Հրաժեշտն աճելու հնարավորություն է»…  

5. «Պարի Սեն Ժերմենի» վինգեր Լուկաս Մոուրան այսօր կդառնա «Տոտենհեմի» ֆուտբոլիստ: Բրազիլացին արդեն համապատասխան բուժզննում է անցել: Նրա տրանսֆերի համար վճարվելու է 28,5 միլիոն եվրո: Այդ գինն ակումբները համաձայնեցրել են դեռ երկու օր առաջ:

_______________________________________________________________________________

Այսօր ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրն է: Այն կշարունակի բաց մնալ արևելաեվրոպական մի քանի երկրների համար, սակայն թոփ-5 առաջնությունները ներկայացնող ակումբների համար սա վերջին օրն է թիմի կազմում փոփոխություն կատարելու համար: Sport.Times.am-ն ամբողջ օրվա ընթացքում ներկայացնելու է տրանսֆերային վերջին նորությունները: Մնացեք մեզ հետ և այս էջում կտեղեկանաք բոլոր կարևոր տեղափոխություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում