Ավանդական դարձած մրցաշար. լրագրողների կմրցեն շախմատում
Նմանատիպ
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Մրցաշարը կանցնի մեկ օրվա ընթացքում՝ կսկսվի առավոտյան ժամը 11:00-ին ու կավարտվի 3-4 ժամվա ընթացքում: Այն բաղկացած է 7 մրցափուլից և կանցնի արագ շախմատի մրցակարգով: Յուրաքանչյուր խաղի համար մասնակիցներին կտրամադրվի 10 րոպե ու 5 վարկյան լրացուցիչ ամեն մի քայլի համար: Մրցաշարի գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցանակաբաշխությանը ներկա կգտնվեն և մրցանակներ կհանձնեն Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Համաշխարհային Օլիմպիադայի շախմատի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու ԱԹԱ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան գավաթներ, պատվոգրեր ու գումարային մրցանակներ միջոցառման հովանավորի՝ ՎՏԲ (Արմենիա) Բանկի կողմից: Մրցանակներ կստանան նաև 5 անվանակարգով մասնակիցները՝ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչը, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենարագ հաղթանակի համար և ամենատարեց մասնակիցը:
Նախատեսվում է, որ այս տարի կմասնակցեն մոտ 30 լրագրող տարբեր ԶԼՄ-ներից:
Հիշեցնենք, անցած երեք մրցաշարերում՝ 2015, 2016 և 2017 թվականներին հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում