Ֆեդերերը կարող է սպասվածից շուտ դառնալ առաջին ռակետը

Ֆեդերերը կարող է սպասվածից շուտ դառնալ առաջին ռակետը

Աշխարհի երկրորդ թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը կարող է հաջորդ շաբաթ դառնալ աշխարհի առաջին ռակետը: Շվեյցարացու անձնական կայքից տեղեկանում ենք, որ նա «wild card» է վերցրել Ռոտերդամի ATP-500 կարգի մրցաշարին մասնակցելու համար:

Եթե 36-ամյա մարզիկը հասնի այդ մրցաշարի կիսաեզրափակիչ, ապա կգլխավորի համաշխարհային թենիսի վարկանիշային աղյուսակը: Նախկինում հայտնի էր դարձել, որ Ռոջերն առաջին տեղ դուրս կգա, եթե մարտին Դուբայում կայանալիք խոշոր մրցաշարում մեկ խաղի մասնակցի: Նա ընդամենը 155 միավորով է զիջում առաջին ռակետ Ռաֆայել Նադալին:

Ֆեդերերն իր կարիերայի ընթացքում 9-րդ անգամ կմասնակցի Ռոտերդամի մրցաշարին: 2013 թվականից նա հոլանդական այդ քաղաքում ելույթ չէր ունեցել:

Հիշեցնենք, շվեյցարացին 2018 թվականը սկսել է Ավստրալիայի բաց առաջնությունում տոնած հաղթանակով: «Մեծ սաղավարտի» մրցաշարերում նա արդեն 20 տիտղոս է նվաճել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում