«Ռեալի» խնդիրներն ու ՊՍԺ-ի դեմ վերջին հույսը

«Ռեալի» խնդիրներն ու ՊՍԺ-ի դեմ վերջին հույսը

Ընթացիկ մրցաշրջանը Մադրիդի «Ռեալի» համար, կարելի է ասել, վերածվել է դժոխքի: Թիմի ցուցադրած խաղն ու արդյունքները հուսադրող չեն: Sport․Times.am-ը վերլուծել է մադրիդյան ակումբի շուրջ ստեղծված իրավիճակը:

Արդյունքները

«Ռեալը» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, տոնել է 12 հաղթանակ, 6  անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել է 4 պարտություն։ Եթե ուշադրություն դարձնենք արդյունքներին, ապա ոչ մի օրինաչափություն չկա․ «Ռեալը» միավորներ է կորցրել թե՛ թույլ, թե՛ ուժեղ մրցակիցների հետ խաղերում։ 

Չկա կոնկրետ օրինաչափություն, որը կբնութագրի «Ռեալի» խնդիրները: Եթե թիմը պարտվեր միայն թույլ մրցակիցների դեմ խաղերում, ապա կարող էինք նշել, որ մադրիդցիները դժվարություններ են ունենում մրցակցի հագեցած պաշտպանությունը ճեղքելու առումով, բայց նման բան չկա: Հասարակ վիճակագրություն՝ մադրիդցիները միջինը մեկ խաղում 19 հարված են կատարում մրցակցի դարպասին:

Խնդիրները

Կադրային

Բազմիցս նշել ենք, որ «Ռեալի» խնդիրները սկսվեցին նախորդ տարվա ամռանից, երբ թիմից հեռացան Պեպեն, Մորատան, Խամեսը, իսկ մադրիդցիները չգտան արժանի փոխարինողներ: Տարօրինակ է «Ռեալի» դիրքորոշումը նոր տրանսֆերների հարցում․ նախագահ Ֆլորենտինո Պերեսն իրեն չափազանց զուսպ է պահում

Լուծո՞ւմը։ Նոր տրանսֆերներ և կազմի փոփոխություն։ Կրոս-Կազեմիրո-Մոդրիչ եռյակը ժամանակին փայլուն խաղ է ցույց տվել, սակայն մրցակցության բացակայությունը բերել է այն վիճակին, որում հիմա գտնվում է «Ռեալը»: Նույնը կարելի է ասել նաև պաշտպանության և հարձակման գծի մասին: Հարձակվողների անձեռնմխելիության և Զիդանի՝ Բենզեմային ուղղված մեծ, աննկարագրելի և անհասկանալի վստահության պատճառով կանոնավոր խաղալու հնարավորություն չեն ունենում Մարկո Ասենսիոն և Իսկոն: Տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք ունեն բոլոր որակները մեկնարկային կազմում փայլելու համար: Խնդիրն այն է, որ երկուսն էլ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ են և չեն կարող մրցակցել կենտրոնական կիսապաշտպանների եռյակի հետ: 

Ճնշումը

Ակնհայտ է, որ հիմա «Ռեալում» թե՛ ֆուտբոլիստները, թե՛ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հոգեբանական տեսանկյունկից գտնվում են մեծ ճնշման տակ: Սկզբում թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարողանում էր խուսափել նման հարցադրումներից՝ վստահեցնելով, որ ամեն ինչ կարգին է, չեմպիոնական պայքարն ավարտված չէ և այլն և այլն: Այդ ընթացքում երկրպագուները և ֆուտբոլիստները Զիդանի կողքին էին և հավատում էին նրան, բայց հիմա… Հիմա Զիդանի խոսքերը նման են իրականությունից կտրված, երկու անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթ հաղթած մարզչի անհիմն ինքնավստահության: Իհարկե, ֆրանսիացի մասնագետն իր թիմի հետ ունիկալ արդյունք է գրանցել վերջին երկու մրցաշրջաններում, բայց հիմա դրանց մասին հիշելու ժամանակը չէ։

Լուծո՞ւմը։ Մեկն է՝ հաղթել: Եթե մադրիդցիները նորից վերադառնան հաղթական ուղու վրա, ապա ճնշումը միանգամից կվերանա:

ժամանակաշրջանի ավարտը

Յուրաքանչյուր թիմ ունենում է, այսպես ասած, «պիտանելիության ժամկետ»: Ինչպես երևում է, «Ռեալի» այս կազմի ժամանակաշրջանը մոտենում է ավարտին: Դա բնական երևույթ է ֆուտբոլում և այն թակել է նույնիսկ Պեպ Գվարդիոլայի հավերժ անպարտելի թվացող «Բարսելոնայի» դուռը: 

Զիդանը պետք է ապացուցի՝ իրեն չի սպառել

Իհարկե, չի սպառել: Սովորաբար մարզիչներին համեմատում են տիտղոսներով։ Զիդանն այս տեսանկյունից ֆանտաստիկ մեկնարկ է վերցրել, բայց հիմա եկել է խնդիրները լուծելու փուլը։ Ֆրանսիացին իր կարճ մարզչական կարիերայի ընթացքում չէր բախվել այսպիսի իրավիճակի և այժմ կարևոր է ճիշտ արձագանքը։ Հաշվի առնելով Ֆլորենտինո Պերեսի նախորդ որոշումները (Անչելոտիին և Մոուրինյուին հեռացնելը, երբ մրցաշրջանի ընթացքում թիմը մնաց առանց տիտղոսների), եթե «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում չհաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից: Դրա մասին խոսել է նաև անձամբ Զինեդին Զիդանը՝ նշելով, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղերը կարող են ճակատագրական լինել իր համար: Իսկ ի՞նչ կարող ենք սպասել այդ խաղերից:

«Ռեալ» – ՊՍԺ. Վերջին շանսը

Շատ դժվար է կանխատեսել դիմակայության արդյունքը: Որպես կանոն երկխաղյա դիմակայություններում մի փոքր առավելություն է ունենում այն թիմը, որը պատասխան հանդիպումն անցկացնում է տանը: Այս դեպքում պատասխան հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում:

Չնայած անհաջողություններին՝ «Ռեալը» մնում է աշխարհի ուժեղագույն թիմերից մեկը: Նրանք առանց պայքարի իհարկե չեն հանձնվի: Նույնը չի կարելի ասել ՊՍԺ-ի մասին: Շատերը հիշում են ՊՍԺ-ի հանրահայտ ձախողումը «Բարսելոնայի» հետ: Այո, դրան այլ անուն տալ հնարավոր չէ: Փարիզյան ակումբը լիովին ձախողեց պատասխան հանդիպումը: ՊՍԺ-ն զգալիորեն ուժեղացել է այս մրցաշրջանում, բայց գլխավոր մարզիչը նույնն է մնացել՝ զգուշավոր, այդպես էլ թոփ-մարզչի կարգավիճակ չստացած Ունաի Էմերի:

Վերադառնանք «Ռեալին»: Հնարավոր չէ խոսել թիմերից որևէ մեկի առավելության, թույլ կամ ուժեղ կողմերի մասին: Այսպիսի խաղերում դրանք բոլորովին էական չեն: Սա այն դեպքն է, երբ ֆուտբոլիստներին մոտիվացնելու կարիք էլ չկա: Բոլորն էլ հասկանում են, որ սա Զիդանի վերջին շանսն է: Իսկ ՊՍԺ-ի համար սա բաղձալի գավաթին հասնելու գուցե գլխավոր փորձությունն է:

Միհրան Ալեքսանյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում