Տարոն Ոսկանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Տարոն Ոսկանյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ հանդես կգա «Ալաշկերտի» կազմում:

Երևանյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Ալաշկերտը» 1,5 տարվա պայմանագիր են ստորագրել պաշտպան Տարոն Ոսկանյանի հետ, ով արդեն միացել է թիմին և մասնակցում է Բելեկում ընթացող երկրորդ ուսումնամարզական հավաքին:

24-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Նեա Սալամինան» էր, որի կազմում նա 10 հանդիպման է մասնակցել ընթացիկ առաջնությունում:

«Նեա Սալամինա» Ոսկանյանը տեղափոխվել էր մեկ այլ կիպրոսյան ակումբից` «Կարմիոտիսայից», որի կազմում հայ պաշտպանը 28 խաղ է անցկացրել: Կիպրոսյան թիմերում նրա ակումբակիցն էր օրերս «Ալաշկերտ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը:

Մինչև Կիպրոս տեղափոխվելը Տարոնը հանդես էր գալիս Երևանի «Փյունիկում», որի կազմում 5 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 167 հանդիպումներում:

Ավելի վաղ Հայաստանի չեմպիոնի հետ պայմանագիր էր կնքել նաև Կամո Հովհաննիսյանը, ով հիմա փորձաշրջան է անցնում ղազախական «Ժետիսուի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում