ՉԼ․ «Տոտենհեմը» Թուրինում ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ (տեսանյութ)

ՉԼ․ «Տոտենհեմը» Թուրինում ոչ-ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ (տեսանյութ)

Փետրվարի 13-ին մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլը։ Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինում՝ «Յուվենտուսը» հյուրընկալեց «Տոտենհեմին» և ոչ-ոքի խաղաց։

Հանդիպումը հաջող մեկնարկեց դաշտի տերերի համար՝ արդեն 2-րդ րոպեին Միրալեմ Պյանիչի փոխանցումից հետո Գոնսալո Իգուայինն առաջ մղեց «Յուվենտուսին»։ 7 րոպե անց Բեն Դևիսը սեփական տուգանային հրապարակում խախտեց Ֆեդերիկո Բերնարդեսկիի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ֆելիքս Բրիխը նշանակեց 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտեցավ Իգուայինը և դուբլ ձևակերպեց։ Աստիճանաբար Մաուրիսիո Պոչետինոյի սաներն ուշքի եկան և 35-րդ րոպեին կրճատեցին հաշվի տարբերությունը՝ աչքի ընկավ Հարի Քեյնը։

Խաղակեսի վերջնամասում հյուրերի դարպասին երկրորդ 11-մետրանոց տուգանայինը նշանակվեց, սակայն այս անգամ Իգուայինը վրիպեց։ Երկրորդ կեսն անցավ համեմատաբար հանգիստ պայքարում, և արձանագրվեց մեկ գոլ․ 71-րդ րոպեին տուգանայինից աչքի ընկավ Կրիստիան Էրիկսենը։

Պատասխան հանդիպումը կայանալու է Լոնդոնում, մարտի 7-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Յուվենտուս» – «Տոտենհեմ»՝ 2։2
Գոլերը՝ Իգուային 2՛, 9՛ / 11-մետրանոց – Քեյն 35՛, Էրիկսեն 71՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Իգուային 45+2՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում