Կոնտե. «Չելսին» շատ մոտ էր կատարյալ խաղին

Կոնտե. «Չելսին» շատ մոտ էր կատարյալ խաղին

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «Բարսելոնայի» դեմ կայացած առաջին խաղը (1:1):

«Շատ հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով: Նրանք հետևում էին մեր խաղային ծրագրին, որը նախապատրաստել էինք այս հանդիպման համար: Մեր բախտը չբերեց, շատ եմ ցավում: «Չելսին շատ մոտ էր կատարյալ խաղին, բայց միայն մեկ սխալը որոշիչ դարձավ: Բոլորս գիտենք, թե որքան ծանր հետևանք կարող են ունենալ սխալները մի թիմի դեմ խաղում, որտեղ հանդես են գալիս Մեսսիի, Սուարեսի ու Ինյեստայի պես ֆուտբոլիստներ: Մեր ծրագիրն իսկապես շատ լավն էր: Հիմա քննարկում ենք 1:1 հաշիվը, սակայն «Չելսին» ավելիին էր արժանի:

Միշտ հարկավոր է հարգել մրցակցին: «Բարսելոնայի» դեմ չի կարելի բաց ֆուտբոլ խաղալ: Նման դեպքերում ռիսկ կա պարտվել ոչ թե 1 կամ 2 գնդակի տարբերությամբ, այլ` 5-6: Այդ թիմի դեմ հարկավոր է խելացի գործել: Մենք փորձում ենք երիտասարդ թիմ կառուցել, որին փորձ է հարկավոր: Այդ պատճառով պետք է կշռադատված խաղանք:

Կարծում եմ` Կրիստիանսենը լավ հանդիպում անցկացրեց: Նա դեռ 21 տարեկան է: Հիանալի է, որ այդքան հասուն է գոծում, շատ գոհ եմ նրանից: Ինձ համար Կրիստիանսենը խաղի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, անկախ նրանից, որ սխալ թույլ տվեց մրցակցի գոլի ժամանակ»,- իտալացու խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում