Մոուրինյու. Բեքհեմին, Սքոուլզին ու Քինին հարցնելու եմ, թե ինչ էին անում առանց գնդակի

Մոուրինյու. Բեքհեմին, Սքոուլզին ու Քինին հարցնելու եմ, թե ինչ էին անում առանց գնդակի

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է «Սևիլյայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը: BBC Sport-ը հայտնում է, որ հարձակման գծում անհաջող խաղը պորտուգալացին կապել է այդ դիրքի ֆուտբոլիստների` պաշտպանությունում ծանրաբեռնվածության հետ: Այն հարցին, թե ինչո՞ւ թիմը չի փորձում թեթևացնել նրանց աշխատանքը, «յուրահատուկն» ասել է.

«Ինձ թվում է` ձեզնից շատերը նոր մարզաձև են ուզում հորինեն: Անգլիայում որոշ մարդիկ նույնպես ասում են, որ վինգերները չպետք է պաշտպանվեն: Հաջորդ անգամ, երբ հանդիպեմ Դևիդ Բեքհեմին, հարցնելու եմ նրան. «Դևիդ, երբ դու խաղում էիր ՄՅՈւ-ի աջ եզրում, ի՞նչ էր անում, երբ թիմը կորցնում էր գնդակը, իսկ մրցակցի ձախ պաշտպանը միանում էր գրոհին: Դու կանգնում ու նայում էիր տրիբունաների՞ն, թե՞ նահանջում էիր հետ»:

Բոլորը գիտեն, որ Փոլ Սքոուլզի ու Ռոյ Քինի հետ լավ հարբերությունների մեջ չեմ, բայց նրանց նույնպես կհարցնեմ, թե ինչ էին անում, երբ թիմը կրոցնում էր գնդակը:  Այնպիսի տպավորություն է, որ բոլոր տաղանդավոր ֆուտբոլիստներին պետք է թույլ տանք իրենց ցանկությամբ խաղան: Իրականում, թիմի հարձակմանն ու պաշտպանությանը մասնակցում են բոլոր խաղացողները: Ժամանակակից ֆուտբոլում այդպես են խաղում»:

Մոուրինյուն կարծիք է հայտնել նաև պատասխան հանդիպման շուրջ իրավիճակի մասին.

«Եթե պատասխան մրցավեճում արդյունավետ ոչ-ոքի լինի, մենք պայքարից դուրս կմնանք, ուստի միայն հաղթանակ է հարկավոր: Բարդ է լինելու, բայց հավատում եմ, որ «Օլդ Թրաֆորդը» կարոտել է եվրագավաթային մեծ խաղերին: Նախորդ մրցաշրջանում սեփական մարզադաշտում անցկացրել ենք Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչն ու կիսաեզրափակիչը, բայց Չեմպիոնների լիգան այլ նշանակություն ունի»:

Պորտուգալացին անհամբեր սպասել է կիսապաշտպան Սքոթ Մակտոմինայի մասին հարցին և ուրախացել այն լսելուց հետո.

«Հարց Մակտոմինայի մասի՞ն: Կարո՞ղ եմ գրկել քեզ: Ինձ հարցեր են տալիս Պոգբայի մասին, իսկ իրականում պետք է Մակտոմինայի մասին լինեն: Սքոթը հիանալի կատարեց իր աշխատանքը: Նա ճնշում էր գործադրում Էվեր Բանեգայի վրա, ով «Սևիլիայի» գլխավոր խաղարկողն է: Սքոթը փայլուն գործեց:

Ինչ վերաբերվում է Պոգբային… Մեր կիսապաշտպանությունը հաջող սկսեց հանդիպումը և Պոլը փոխարինման մտնելով պետք  է ջանքեր գործադրեր, որ համապատասխաներ այդ ռիթմին: Նրա խաղը դրական տպավորություն թողեց:

Էրրերայի վնասվա՞ծքը: Կարծում եմ` այն լուրջ է»,- ավարտել է 55-ամյա մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում