Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հրաձիգ Հովհաննես Մարգարյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հունգարիայի Գյոր քաղաքում շարունակվում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը (10 մ հեռավորություն)։

Երիտասարդների վազող թիրախ, 30+30 կրակոց վարժությունում Հովհաննես Մարգարյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Հայ հրաձիգը, խոցելով 559 միավոր, 4-րդ հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Կիսաեզրափակչում Մարգարյանը 0:6 հաշվով պարտվել է ուկրաինացի Դենիս Բաբլիուկին, սակայն երրորդ տեղի համար պայքարում 6:1 հաշվով հաղթել ուկրաինացի Մաքսիմ Բաբուշոկին։

Տղամարդկանց օդամղիչ հրացան վարժությունում Հրաչիկ Բաբայանը, խոցելով 623,5 միավոր, զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը, իսկ Քրիստիան Լաուերը 612,2 միավորով 64-րդն էր:

Նույն վարժության կանանց պայքարում Իրինա Լաուերը խոցել է 617,3 միավոր ու գրավել 62-րդ տեղը, իսկ Մարիամ Միքայելյանը խոցած 615,8 միավորով 69-րդ տեղում էր:

Օդամղիչ ատրճանակ, խառը թիմային վարժությունում Նորայր Առաքելյան եւ Էլմիրա Կարապետյան զույգը, խոցելով ընդհանուր 762 միավոր, զբաղեցրել է 4-րդ տեղը:

Այսօր կկայանան օդամղիչ հրացան, խառը թիմային վարժությունը, որին կմասնակցեն Հրաչիկ Բաբայան եւ Մարիամ Միքայելյան, Քրիստիան եւ Իրինա Լաուերներ զույգերը, Հովհաննես Մարգարյանը կմասնակցի վազող թիրախ՝ խառը վազք վարժությանը, Էլմիրա Կարապետյանն ու Նորայր Առաքելյանը կմրցեն օդամղիչ ատրճանակ անհատական վարժություններում:

 

Լուսանկարը՝ Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի

Հետևեք մեզ նաև Telegram-ում