«Ժիրոնայի» հետ խաղում «Բարսելոնան» և Մեսսին ռեկորդներ են սահմանել

«Ժիրոնայի» հետ խաղում «Բարսելոնան» և Մեսսին ռեկորդներ են սահմանել

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» 6։1 հաշվով հաղթել է «Ժիրոնային»։ Այդ խաղի արդյունքով կատալոնական թիմն ու հարձակվող Լիոնել Մեսսին ռեկորդներ են սահմանել։

«Բարսելոնան» գերազանցել է ակումբային անպարտելիության ռեկորդը։ Պրիմերայում արդեն 32 անընդմեջ հանդիպում կատալոնական թիմը պարտություն չի կրում։ Նախորդ ռեկորդը (31 անպարտելի խաղ) սահմանվել էր Խոսեպ Գվարդիոլայի օրոք՝ 2010-11թթ․ մրցաշրջանում։ Իսպանիայի առաջնությունում ռեկորդակիրը «Ռեալ Սոսյեդադն» է, որը 1979-1980 թվականների ընթացքում 38 անընդմեջ խաղում չի պարտվել։

«Ժիրոնայի» հետ խաղում «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին դարձել է դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Իսպանիայի առաջնության ռեկորդ է սահմանել՝ գոլ խփելով 36 տարբեր թիմերի։ Այսպիսով, արգենտինացին գերազանցել է «Ռեալի» լեգենդ Ռաուլի և «Ատլետիկի» հարձակվող Արից Ադուրիսի ցուցանիշը, ովքեր առաջնության շրջանակում գոլ են խփել 35 թիմերի։

Բացի այդ, Մեսսին դարձել է Իսպանիայի առաջնության պատմության ամենաշատ գոլային փոխանցումներ կատարած ֆուտբոլիստը։ Արգենտիանցու ակտիվում արդեն 148 գոլային փոխանցում կա։ Մեսսին գերազանցել է «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Միչելի ռեկորդը, ով 147 գոլային փոխանցում էր կատարել։ Հիշեցնենք, որ Մեսսին նաև Իսպանիայի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն է՝ 371 գոլ (ներառյալ «Ժիրոնայի» հետ խաղի դուբլը)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում