Հայաստանի Մ-20 հավաքականը նոր մարզիչ ունի

Հայաստանի Մ-20 հավաքականը նոր մարզիչ ունի

Բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Քրիս Ղուկասը: Հայ մարզիչը ծնվել է 1968 թվականի սեպտեմբերի 6-ին` Եգիպտոսում:

Աշխատել է Հունական մի շարք ակումբներում, այդ թվում «Պանիոնիս», «Կավալաս» , «Իրակլիս», «ՕՖԻ Կրետե» և այլն: 2015-2017 թվականներին գլխավորել է Ավստրիական «Օբերվարտ» ակումբը, իսկ 2017-ից մինչ այժմ հանդիսանում է «ՈւՍԿ Պրահա » ակումբի գլխավոր մարզիչը:

«Շատ ուրախ եմ, որ աշխատելու եմ հենց իմ հայրենիքում, դա իմ վաղեմի երազանքներից մեկն էր», – ՀԲՖ մամլո քարտուղարության հետ զրույցում ասել է Քրիս Ղուկասը:

ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է հետևյալը. «Քրիս Ղուկասը բարձրակարգ մասնագետ է և հաջողությամբ աշխատել է Հունաստանում, Ավսրիայում և Չեխիայում: Նրա թեկնածությունը ֆեդերացիան վաղուց էր քննարկում տարբեր տարիքային հավաքականների մարզչի պաշտոնում: Հաջողություն եմ մաղթում Քրիս Ղուկասին, այս պատասխանատու գործում»:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2018 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին:

Հուլիսի 13-22-ը կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է C ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հունգարիան, Լյուքսեմբուրգը, Հոլանդիան, Ռուսաստանը և Չեխիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում