21-րդ դարում Չեմպիոնների լիգայի գլխավոր դիմակայությունը

21-րդ դարում Չեմպիոնների լիգայի գլխավոր դիմակայությունը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի բոլոր զույգների միջև ամենահագեցած, սկանդալային ու դրամատիկ անցյալն ունի «Չելսի» – «Բարսելոնա դիմակայությունը: Լոնդոնցիներն այն սակավաթիվ թիմերից են, որոնց դեմ պաշտոնական խաղերում (բոլորը Չեմպիոնների լիգայում) «կապտանռնագույնները» բացասական արդյունք ունեն՝ 3 հաղթանակ, 3` ոչ-ոքի ու 4 պարտություն: Վերհիշենք, թե ինչպես են դասավորվել նրանց նախկին խաղերից կարևորագույնները.

Անմոռանալի պերֆոմանս

Այս թիմերի առաջին հակամարտությունը կայացավ 1999-2000թթ. մրցաշրջանում: «Բարսելոնան» մրցաշարի գլխավոր ֆավորիտն էր համարվում՝ չնայած պաշտանությունում երբեմն քաոս էր տիրում: Լուի վան Գալի թիմը քառորդ եզրափակչի առաջին խաղին մեկնեց Իսպանիայի վերջին երկու տարիների չեմպիոնի կարգավիճակով և իր կազմում ունենալով աշխարհի նորընծա լավագույն ֆուտբոլիստին` Ռիվալդոյին: Այն ժամանակ դեռ գերակումբ չդարձած «կապույտներն» առաջին խաղակեսում այնպիսի ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին, որ ընդմիջման գնացին 3:0 հաշվով: Գեղեցիկ գոլ խփեց Ջանֆրանկո Ձոլան, ապա դուբլ ձևակերպեց բարձրահասակ նորվեգացի Տուրե Անդրե Ֆլոն: Պատասխան հանդիպմանը վստահությամբ մեկնելու համար Ջանլուկա Վիալիի թիմին հարկավոր էր երկրորդ կեսում սեփական դարպասն անառիկ պահել, սակայն դա նրանց չհաջողվեց: Ռիվալդոյի փոխանցումից հետո Լուիշ Ֆիգուն մեկ հպումով գոլի հեղինակ դարձավ` 3:1:

Պատասխան խաղից առաջ իսպանական մամուլն անընդհատ խոսում էր 2:0 հաշվով հաղթանակի մասին: Դա փոխանցվեց նաև երկրպագուներին ու նույնիսկ ակումբին: Երբ թիմերը խաղադաշտ դուրս եկան, տեսան ֆուտբոլի պատմության ամենահայտնի պերֆոմանսներից մեկը: «Կամպ Նոուի» ամբողջ տրիբունայում պատկերված էր 2:0 հաշիվը: Արդեն առաջին կեսում կատալոնացիները հասան ցանկալի արդյունքին: Ռիվալդոն ու Ֆիգուն աչքի ընկան մեկական անգամ: Երկրորդ կեսի սկզբում «Բարսելոնայի» ծրագրերը խափանեց թիմի դարպասապահ Ռուդ Հեսպը, ով հայտնի էր իր մանկական սլախներով: Այս անգամ հոլանդացին գնդակը նվիրեց Ֆլոյին, ով հանգիստ գրավեց դարպասը: Խաղավերջում փոխարինման մտած Դանի Գարսիան հաշիվը դարձրեց 3:1 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Այնտեղ Ռիվալդոն երկու 11-մետրանոց իրացրեց, մեկը` շեղ, իսկ մյուսը` դիպուկ, ապա մեկ անգամ էլ աչքի ընկավ Պատրիկ Կլյուվերտը: «Բարսան» հաղթեց 5:1 հաշվով, մտավ կիսաեզրափակիչ, որտեղ նմանատիպ սցենարով խաղերի արդյունքում պարտվեց «Վալենսիային» (2:1, 1:4):

Մոուրինյու = թշնամություն

2004-2005թթ․ մրցաշրջանում «Բարսելոնան» ու «Չելսին» ընթանում էին դեպի իրենց երկրներում երկար սպասված չեմպիոնությունը, սակայն լուրջ հավակնություններ ունեին նաև Չեմպիոնների լիգայում: 1/8 եզրափակչում նրանց միջև առաջին խաղը կայացավ «Նոու Կամպում»: «Չելսին» Բելետիի ինքնագոլի շնորհիվ հաշվի մեջ առջևում էր, սակայն մնաց 10 ֆուտբոլիստով, երբ բաց ոտքով սահանկման համար կարմիր քարտ ստացավ Դիդյե Դրոգբան: Երկրորդ կեսում կատալոնացիները թիմի նորեկ Մաքսի Լոպեսի շնորհիվ հավասարեցրեցրին հաշիվը (նրա կարիերայի գլխավոր նվաճումը), իսկ քիչ անց արգենտինացու օգնությամբ աչքի ընկավ Սամուել Էտո’Օն:

Պատասխան խաղից առաջ մամուլում սկսվեց Ժոզե Մոուրինյուի ու «Բարսելոնայի» միջև պատերազմը: Պորտուգալացին մեղադրեց մրցավարներին, որոնց սենյակում «տեսել էր» Ֆրանկ Ռայկարդին, իսկ լեգենդար Յոհան Կրուիֆն ի պատասխան հայտարարեց, որ Մոուրինյուն հակաֆուտբոլ է դավանում: Լոնդոնում կատալոնացիները կրկնեցին 5 տարվա վաղեմության սխալը և տապալեցին հանդիպման մեկնարկը: «Չելսին» 19 րոպեի ընթացքում 3 գոլ խփեց ու նոկդաունի ուղարկեց Ռայկարդի թիմին: «Բարսան» ուշքի եկավ 8 րոպե անց, երբ Ռոնալդինյոն 11-մետրանոց հարվածով կրճատեց հաշիվը: 39-րդ րոպեին աշխարհի այդ ժամանակվա լավագույն ֆուտբոլիստը (ՖԻՖԱ-ի վարկածով) խփեց իր կարիերայի և ընդհանրապես Չեմպիոնների լիգայի պատմության ամենահայտնի գոլերից մեկը: Երբ գնդակը հայտնվեց Պետր Չեխի դարպասում, ամբողջ աշխարհը գոլին արձագանքեց մի քանի վայրկյան ուշացումով, որովհետև գրեթե ոչ ոք չհասկացավ՝ ինչպես բրազիլացին գրավեց դարպասը: Հետագայում «բլաուգրանան» չօգտագործեց ևս մի քանի լավ պահ։

77-րդ րոպեին տեղի ունեցավ մի դրվագ, որից հետո «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայությունում սկիզբ դրվեց մրցավարական սխալների մասին անվերջ խոսակցություններին: Անկյունայնի խաղարկման ժամանակ Ջոն Թերին գլխի հարվածով գնդակն ուղարկեց հեռավոր անկյունը, սակայն դարպասապահ Վիկտոր Վալդեսը չկարողացավ ցատկ կատարել, որովհետև Ռիկարդու Կարվալյուն ձեռքերով բռնել էր նրան: Լեգենդար մրցավար Պերլուիջի Կոլինան չնկատեց այդ դրվագը, իսկ կատալոնացիների բողոքները ոչինչ չփոխեցին:

«Չելսին» հաղթեց 4:2 հաշվով, քառորդ եզրափակչում փայլուն հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում Լուիս Գարսիայի գոլ-ուրվականի պատճառով պարտվեց «Լիվերպուլին»: Մոուրինյուն զայրույթից տեղը չէր գտնում…

«Կարտոֆիլի դաշտ»

Հաջորդ տարի «Չելսիի» ու «Բարսելոնայի» ճանապարհները կրկին հատվեցին 1/8 եզրափակչում: Այս անգամ նրանք իրենց երկրների գործող չեմպիոններին էին, որոնք Եվրոպայում լավագույնը դառնալու հստակ նպատակ ունեին: Առաջին խաղը «Սթեմփորդ Բրիջում» էր: Խոտածածկի վիճակն այնքան վատ էր, որ մամուլում նյութերը հայտնվում էին «Վաղաժամ եզրափակիչը` կարտոֆիլի դաշտում» վերնագրով: Նույնիսկ չշտված տեղեկություն կար, որ Մոուրինյուն է հրահանգել խոտածածկն այդ վիճակում թողնել, որպեսզի «Բարսան» չկարողանա կոմբինացիոն ֆուտբոլ ցուցադրել: Կրքերն այնքան լարված էին, որ արդեն 37-րդ րոպեին կարմիր քարտ գրանցվեց: Ձախ պաշտպան Ասյեր Դել Օրնոն դիմակայում էր հյուրերի աջ հարձակվող, 18-ամյա Լիոնել Մեսսիին: Բասկն անընդհատ չէր հասցնում պատանի արգենտինացու խաբքերի հետևից և ստիպված էր լինում խախտել կաննոները: Դել Օրնոն զարհուրելի խախտումների համար պետք է մի քանի անգամ դեղին քարտ ստանար, սակայն 37-րդ րոպեին կարմիր ստացավ հասարակ խախտման համար: Մրցավարը միտումնավոր ագրեսիա նկատեց նրա խախտման մեջ այն դեպքում, երբ աչքաթող էր արել նախորդ կոպիտ սահանկումները: 10 ֆուտբոլիստով մնացած «Չելսին» երկրորդ կեսում Տյագո Մոտայի ինքնագոլի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ: Այդ պահին Ֆրանկ Ռայկարդը կատարեց իր կարիերայի լավագույն փոխարինումներից մեկը` Մոտայի փոխարեն ասպարեզ դուրս բերելով Հենրիկ Լարսոնին: Կատալոնական թիմը սկսեց գործել 4 հարձակվողով` Ռոնալդինյո-Էտո’Օ-Լարսոն-Մեսսի: 72-80 րոպեների ընթացքում նրանք հաղթանակ կորզեցին: Ջոն Թերին ինքնագոլ խփեց, ապա անսպասելիորեն գրոհին միացած Ռաֆայել Մարկեսի փոխանցումից հետո հաղթական գոլը հեղինակեց Էտո’Oն:

Պատասխան խաղն ավելի հանգիստ անցավ: Ռոնալդինոյն առաջ մղեց «Բարսելոնային», ապա «Չելսին» վերջին վայրկյաններին մրցավարական կրկնակի սխալի շնորհիվ հավասարացրեց հաշիվը: Թերին խաղից դուրս վիճակում էր գտնվում, որից հետո 11-մետրանոց վաստակեց, երբ խախտում չէր եղել: Նշակետից անվրեպ էր Լեմպարդը: Այդ մրցաշրջանում կատալոնացիները դարձան չեմպիոն:

Մրցավարական նոր սկանդալ ու լեգենդար գոլ

«Չելսիի» ու «Բարսելոնայի» ճանապարհները շարունակվեցին խաչվել նաև 2006-07թթ. և 2008-09թթ. մրցաշրջաններում: 2006 թվականին նրանց հանդիպումները խմբային փուլում էին, ուստի մեծ արձագանք չստացան: Լոնդոնում «Չելսին» հաղթեց Դիդյե Դրոգբայի գոլի շնորհիվ, իսկ պատասխան խաղում «Բարսելոնան» երկու անգամ հաշվի մեջ առաջ էր, սակայն վերջին րոպեներին Ֆրենկ Լեմպարդը, գրեթե զրոյական անկյան տակ գնտնվելով, կարողացավ արտակարգ գոլ խփել` 2:2:

Դիմակայության թեժության գագաթնակետը վրա հասավ 2009 թվականին: «Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնացիները լուրջ առավելություն ունեին, սակայն գոլային պահերը չօգտագործեցին (0:0): «Սթեմփորդ Բրիջում» Մայքլ Էսիենի գեղեցիկ, հեռահար հարվածի շնորհիվ «կապույտները» գրեթե ամբողջ խաղի ընթացքում հաշվի մեջ առաջ էին: Կրկին որոշից դարձավ խաղավերջը, երբ Անդրես Ինյեստան խփեց իր կյանքի երկու ամենակարևոր գոլերից առաջինը:

Խաղն առանձնացավ Թոմ Հենինգ Էվրեբյոյի սարսափելի մրցավարության պատճառով: Նորվեգացին սխալներ թույլ տվեց ի վնաս երկու թիմերի, որոնցից ավելի շատ տուժեց «Չելսին»: «Կապտանռնագույնների» դարպասին նա կարող էր 4 անգամ 11-մետրանոց նշանակել, սակայն 3 դեպքում գնդակի` ձեռքին դիպչումը որպես «ձեռքով խաղ» չհամարեց, իսկ մեկ անգամ էլ Դրոգբայի նկատմամբ խախտումն անտեսեց: Եթե Էվրեբյոն պետք է իր ճիշտ որոշմամբ օգներ «Չելսիին» փոխել հաշիվը, ապա նրա մեկ այլ որոշումը սարսափելի դրության մեջ դրեց «Բարսային» (առանց հաշիվը փոխելու): 65-րդ րոպեին Նիկոլա Անելկան առանց պատճառի ընկավ խոտածածկին, սակայն մրցավարը որոշեց ուղիղ կարմիր քարտ թույլ ցույց տալ Էրիկ Աբիդալին, ով նույնիսկ չէր դիպչել հարձակվողին: Արդյունքում, անհաջող խաղ անցկացնող «Բարսելոնան», որը նաև ստիպված էր գոլ խփել, վերջին 25 րոպեն անցկացրեց 10 ֆուտբոլիստով: Վերջին վայրկյաններին էլ Էվրեբյոն չնշանակեց այդ 11-մետրանոցներից չորրորդը, ինչի համար զայրացած Միխայել Բալակի կողմից «հրաշքով» դեմքին հարված չստացավ:

«Բարսելոնան» մի կերպ սողոսկեց եզրափակիչ, որում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և սկիզբ դրեց երկարամյա գերիշխանությանը:

Երկաթյա կամք

Այս թիմերի հաջորդ հանդիպումը կայացավ 2011-12թթ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Թվում էր՝ նախկինում երբեք այս թիմերի դիմակայությունում այսքան ընդգծված ֆավորիտ չի եղել, որքան այդ ժամանակ «բլաուրգրանան» էր: Լոնդոնում կատալոնացիները բազմաթիվ պահեր ունեին, երկու անգամ դարպասաձողը փրկեց Պետր Չեխին, սակայն արդյունավետությունը սարսափելի էր: Իսկ ահա Ռոբերտո Դի Մատեոյի թիմն օգտագործեց իր պահը (կրկին Դրոգբա) և հաղթեց` 1:0:

Պատասխան խաղի սկզբում «կապտանռնագույնները» գործում էին անկաշկանդ ու թեթև, ինչի շնորհիվ 2 գոլ խփեցին: «Կապույտները» դատապարտված էին թվում: Նրանք հաշվի մեջ զիջում էին, իսկ Ջոն Թերիի հիմար կոպտության պատճառով 10 ֆուտբոլիստով էին մնացել: Հանկարծ փայլեց Ռամիրեսը, ով գնդակը կախեց Վալդեսի գլխավերևով և հույս տվեց իր թիմին: Ընդմիջումից հետո ինքնահավան «Բարսելոնան» չկարողացավ կոտրել հանուն պաշտպանության «մահացող» թիմին, իսկ այն բանից հետո, երբ Մեսսին չիրացրեց 11-մետրանոցը, նրանց սարսափելի երազն իրականություն դարձավ: «Չելսիի» հերոսությունը կատարյալ դարձրեց Ֆերնանդո Տորրեսը, ով ավելացրած ժամանակում հավասարեցրեց հաշիվը` 2:2:

Եզրափակչում ճիշտ նույն ոճով «Չելսին» հաղթահարեց «Բավարիայի» արգելքը և իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ չեմպիոն:

***

Երեք շաբաթ առաջ կայացել է «Չելսիի» ու «Բարսելոնայի» միջև 1/8 եզրափակչի առաջին խաղը (1:1), որն այս դիմակայության համար դասական դարձած սցենարով անցավ՝ մեկ թիմն ավելի շատ պահեր է ստեղծում, իսկ ցանկալի արդյունքի հասնում է մյուսը: Պատմությունը «Չելսիին» հուշում է, որ այսօր` մարտի 14-ին կայանալիք պատասխան մրցավեճում քառորդ եզրափակչի ուղեգիրը կարելի է ձեռք բերել մրցակցից վատ խաղալու շնորհիվ… Իսկ «Բարսելոնան» ցանկանում է փոխել այդ սյուժեն, որովհետև նրանք Չեմպիոնների լիգայում 5 անգամ հաղթել են միայն այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներից մի գլուխ ուժեղ են եղել:


Հայկ Հովհաննիսյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում