«Որքան նրանք առաջարկեն, մենք ավելին կվճարենք». Պայքար Իսկոյի համար

«Որքան նրանք առաջարկեն, մենք ավելին կվճարենք». Պայքար Իսկոյի համար

Մանչեսթերյան երկու ակումբները` «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին» սկսել են լուրջ պայքար մղել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերի համար:

«Tribalfootball»-ը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի գործակալը Մադրիդում հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են ամռանը տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը: «Քաղաքայինների» կազմում Իսկոն կարող է դառնալ Դավիդ Սիլվայի ապագա փոխարինողը:

«Մանչեսթեր Յունայթեդը» փորձում է հետ չմնալ իր համաքաղաքացիներից: Նրանք նույնպես կապ են հաստատել կիսապաշտպանի գործակալի հետ ու նրան ասել, որ պատրաստ են «Սիթիի» ցանկացած առաջարկից ավելին վճարել: Նշվում է, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Իսկոյի տաղանդի մեծ երկրպագուն է: 

Իսպանացին դժգոհ է, որ նախորդ տարվա առաջին կեսը փայլուն անցկացնելուց հետո նրան «Մադրիդում» չեն հատկացնում թիմի առաջատարներից մեկի դերը: Բացի այդ, նա սկսել է սպասվածից քիչ հայտնվել մեկնարկային կազմում, ինչի պատճառ է դարձել Զինեդին Զիդանի` եզրային կիսապաշտպաններով խաղին անցնելու որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում