«Չելսիի» անկումը. Որքա՞ն լուրջ են խնդիրները

«Չելսիի» անկումը. Որքա՞ն լուրջ են խնդիրները

Լոնդոնի «Չելսին» չեմպիոնական մրցաշրջանից հետո բոլորովին նման չէ այն հզոր, կատաղի և ուժեղ թիմին, որն առանց մտածելու «տրորում» էր իր առջև եղած ցանկացած խոչընդոտ:

Sport Times-ը վերլուծել է «Չելսիի» շուրջ ստեղծված իրավիճակը պարզելու համար, թե որքան խորը արմատներ ունեն ակումբի խնդիրները:

Անկում չեմպիոնական մրցաշրջանից հետո

2016-17 թթ. առաջնությունում չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո լոնդոնյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում փորձեց ուժեղացնել թիմի կազմը: Կարելի է ասել, որ հենց այդ օրերից էլ սկսվեց «Չելսիի» սև շրջանը:

Ավելի կոնկրետ՝ վատացան Անտոնիո Կոնտեի և ակումբի ղեկավարության հարաբերությունները: Ընդհանրապես, «Չելսին» անգլիական այն քիչ ակումբներից է, որն ուներ մարզական տնօրեն: Մարդ, ով պատասխանատու է տրանսֆերների համար: Մարդ, ով կապող օղակ է հանդիսանում մարզչի, սկաուտական խմբի և ակումբի ղեկավարության միջև: Հենց մարզական տնօրենն է բանակցություններ վարում պոտենցիալ նորեկների և նրանց ակումբների հետ: «Չելսիում» այդ պաշտոնը զբաղեցնում էր Մայքլ Էմենալոն: Վերջինիս աշխատանքի հետ կապված դժգոհություններ ուներ նաև լոնդոնցիների նախկին մարզիչ ժոզե Մոուրինյուն: Ինչևէ…

Այսպիսով, «Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ ներդրումներ է կատարում կազմի ուժեղացման համար: Թիմը համալրում են Ալվարո Մորատան, Տիմուե Բակայոկոն, Անտոնիո Ռուդիգերը, Դենի Դրինքուոթերը և Դավիդե Ձապակոստան: Վերջին երկուսը «Չելսի» են տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Սրանք կարելի է անվանել խուճապահար գնումներ:

Ինչու՞ քանդել այն, ինչն առանց այդ էլ շատ լավ աշխատում է: Միայն պետք է ուժեղացնել: Նեմանյա Մատիչի հեռանալուց հետո անշուշտ «Չելսիին» նոր կիսապաշտպան էր պետք: Նրանք ձեռք բերեցին Բակայոկոյին: Բայց ինչու՞ գնել Դրինքուոթերին և ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կիսապաշտպանների թիվն ավելացնել ևս մեկով՝ ձեռք բերելով Ռոս Բարկլիին:

Վերջին շրջանում Անտոնիո Կոնտեն խնդիրներ ունի Ռոման Աբրամովիչի օգնական, «Չելսիի» գլխավոր տնօրեն և մենեջեր Մարինա Գրանովսկայայի հետ: Կոնտեն և Գրանովսկայան բացարձակ չեն շփվում միմյանց հետ: Նրանց կապող օղակը հանդիսանում է Կոնտեի օգնական, «Չելսիի» առաջին թիմի դարպասապահների մարզիչ Կառլո Կուդիչինին: Այսքանից հետո կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ է կատարվում «Չելսիում»: Եթե այս ամենին էլ գումարեն Բատշուայիի հեռնալան ու Ժիրուին գնելը, պատկերն ավելի ամբողջական է ստացվում:

Ինչի՞ համար Կոնտեն հրաժարվեց Բատշուայիից և ձեռք բերեց Ժիրուին

Միշի Բատշուայիի և Անտոնիո Կոնտեի միջև հնարավոր է ինչ-որ կոնֆլիկտ է եղել: Այլ կերպ չի կարելի բացատրել այն, թե ինչու իտալացի մասնագետը հրաժարվեց բելգիացու ծառայություններից: Բատշուային գրեթե ամեն անգամ, երբ շանս էր ստանում, արդարացնում էր այն: Բայց…

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսին» փնտրում էր բարձրահասակ կենտրոնական հարձակվող, որը կարող էր խաղալ «target man»-ի դիրքում: Այսինքն՝ պետք էր մեկը, որը կհաղթեր օդային պայքարում և գնդակ կբաժաներ դեպի դաշտի վերջին երրորդը: Ի սկզբանե պարզ էր, որ ով էլ լիներ այդ ֆուտբոլիստը, միևնույնն է, չէր կարող մեկնարկային կազմում հայտնվելու հույս ունենալ: Ինչու՞: Որովհետև այդպիսի ֆուտբոլիստը չի համապատասխանում «Չելսիի» այժմյան խաղաոճին: Բնականաբար, Անտոնիո Կոնտեն ավելի լավ գիտի, թե ի՞նչ է իրեն անհրաժեշտ, սակայն կան դեպքեր, երբ նմանատիպ որոշումները իրենց չեն արդարացնում և պետք է խոսել դրանց մասին:
Արդյունքում «Չելսին» ձեռք բերեց Օլիվյե Ժիրուին: Դժվար է պատկերացնել՝ ինչպես կարող է ֆրանսիացին մրցակցել Մորատայի հետ: Ի դեպ, վերջինս արդեն 10 խաղ չի կարողանում գոլի հեղինակ դառնալ: Հնարավոր է, որ սա մրցակցության բացակայության հետևանք է:

«Չելսիի» խաղաոճն ու սխեմայի փոփոխության արդյունքը

Այս մրցաշրջանում Կոնտեն երբեմն փոփոխում է թիմի խաղային սխեման՝ 3-4-3-ից անցնելով 3-5-1-1-ի: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը: Նախ դրանով Կոնտեն ուժեղացնում է դաշտի կենտրոնը: Կանտեի կողքին խաղում են Ֆաբրեգասն ու Բակայոկոն: Այս կերպ իտալացի մասնագետը փորձում է հնարավորինս փոխատուցել Մատիչի բացը: Իսկ առջևի գծում Ազարը հնարավորություն է ունենում ավելի լայն գործել՝ չմնալով միայն եզրում:

Այս մրցաշրջանում Կոնտեն թիմի կազմն ու սխեման ընտրում է ըստ մրցակցի, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, իր բացասական հետևանքներն է թողնում: Նախորդ տարի «Չելսին» ուներ իր հստակ խաղաոճն ու սխեման, որը չէր փոխվում: Թե՛ ուժեղ, թե՛ թույլ մրցակիցների դեմ խաղերում Կոնտեի թիմը խաղում էր իր ֆուտբոլը:

Ընթացիկ մրցաշրջանում Կոնտեն 14 անգամ օգտագործել է 3-4-2-1 սխեման:

 

9 անգամ 3-5-1-1 սխեման

 

4 անգամ 3-4-3 սխեման

  

«Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղերը

Այս երկու խաղում էլ «Չելսին» բացեց հաշիվը և արդյունքում ձեռքից բաց թողեց հաղթանակը: Նորից նույն վիճակը. երկու խաղերում էլ Կոնտեն տարբեր սխեմա և մարտավարություն էր ընտրել: Գուցե հենց այդ փոփոխվող մտքերն էլ խառնում են Կոնտեի ծարգրերը:
Անգլիայի առաջնությունում «Չելսին» ընթանում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականում՝ 2 միավոր զիջելով 4 տեղում ընթացող «Տոտենհեմին» և 6 միավոր՝ 2-րդ տեղում գտնվող ՄՅՈՒ-ին:
Չեմպիոնների լիգայում «Չելսիի» ապագան մշուշոտ է: Այնուամենայնիվ, Կոնտեի թիմը շանսեր ունի: Կատալոնացիներն անկասկած խաղալու են առաջին համարով և այդ դեպքում «Չելսին» կարող է հաջողությունը որսալ հակագրոհների ժամանակ:

Կոնտեի ապագան

Անտոնիո Կոնտեի պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականը, սակայն, ամենայն հավանականությամբ, իտալացին կլքի զբաղեցրած պաշտոնն ընթացիկ մրցաշրջանի վերջում: Ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ «Չելսիի» ղեկավարությունը երկու թեկնածություն է դիտարկում: «Բարսելոնայի» նախկին մարզիչ Լուիս Էնրիկեն և «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին:

Իսկ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ Իտալիայի ազգային հավաքական:

Միհրան Ալեքսանյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում