13 նորեկ ունեցող թիմը. Խաշմանյանը բացատրում է պարտության պատճառները

13 նորեկ ունեցող թիմը. Խաշմանյանը բացատրում է պարտության պատճառները

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը «Շիրակի» դեմ խաղից (0:1) հետո մամուլի ասուլիս տվեց, որի ժամանակ պատասխանեց sport.times.am-ի և մյուս լրատվամիջոցների հարցերին:

Պարտության պատճառները

«Վատ խաղացինք: Ճիշտ է` նույնիսկ վատ ֆուտբոլ ցուցադրելով մրցակցից լավ էինք գործում, սակայն ստանդարտ իրավիճակը որոշիչ դարձավ: Մենք վատ հանդես եկանք բոլոր խաղային գործոններում: Շատ ուժեղ թիմ ենք, որը, վստահ եմ, լավագույնն է Հայաստանում, բայց այս անգամ անհաջող գործեցինք: Հավանաբար ավելորդ ինքնավստահություն կար: Այս պարտությունը թույլ կտա հետագայում նույն սխալը չկրկնել:

Տարոն Ոսկանյանի վնասվածքի լռջության աստիճանը

«Դեռ չեմ կարող ասել: Մեջքի հետ կապված խնդիրներ են»:

Նորեկների ադապտացիայի մասին

«Խաղադաշտ դուրս եկած նորեկները բոլորն էլ փորձառու խաղացողներ են, ներկայացնում են ազգային հավաքականները: Պետք է արագ հարմարվեն մեզ ու մարզավիճակ ձեռք բերեն: Շատ աշխատանքն ունենք կատարելու»:

10-խաղյա որակազրկման պարագայում տեխնիկական գոտում հայտնվելու պատճառը

«Դիմել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Նրանք ընդառաջել են, որ որակազրկումը կրճատվի: Շնորհակալ ենք դրա համար»:

«Ալաշկերտն» արձակուրդից վերադարձել է 13 նորեկով. փոխվել է թիմի կեսը: Նման քայլի պատճառը…

«Դա վատ չէ, այլ լավ է: Մենք պետք է մտածենք նաև վաղվա օրվա մասին: Դա խոում է այն մասին, որ ակումբի ղեկավարը մեր ապագան է ծրագրում: Իմ աշխատանքը դժվար է: Նոր ֆուտբոլիստներին բարդ է ներգրավել մեր դավանած ֆուտբոլին ու դրա հետ մեկտեղ այնպես անել, որ այդ ամենն արդյունքների վրա բացասական հետևանք չունենա: Վստահ եմ, որ մենք շուտով կրկին ուժեղ ենք լինելու»:

Թիմի մթնոլորտը 15 լեգիոներների առկայության դեպքում

«15 լեգիոնե՞ր: Նույնիսկ չգիտեի, որ այդքան շատ են: Թիմի մթնոլորտի հարցում խնդիրներ չկան, ամեն ինչ լավ է: Իրականում մենք ընդամենը 3 լեգիոներ ունենք, ովքեր կարող են ուժեղացնել «Ալաշկերտը»: Մյուսներն օգնում են մրցակցությունն ուժեղացնելու համար, որպեսզի ոչ մեկի զարգացումը տեղում չմնա: Ունենք նաև երիտասարդ 3-4 արտասահմանցիներ, ովքեր 19-20 տարեկան են և ապագայի համար են: Կան նաև վարձավճարով խաղացողներ. նրանք մեր ակումբի ֆուտբոլիստները չեն»:

Թիմի առջև դրված խնդիրը

«Խնդիրը բարձր տեղեր գրավելն է ու եվրագավաթներում հաջող հանդես գալը: Մեր օրերում ամեն ինչ արագ կարող է փոխվել: Հնարավոր է փոխվեն ակումբի ծրագրերն ու փիլիսոփայությունը, ուստի բոլոր տարբերակներին պետք է պատրաստ լինել»:

Արսեն Բեգլարյանի` հայտացուցակում չհայտնվելու պատճառը

«Ունենք 28 ֆուտբոլիստներ, որոնցից կարող ենք հայտավորել միայն 18-ին: Մենք նույնիսկ մարզումների ժամանակ բոլորին չենք կարողանում տեղավորել խաղադաշտում»:

Միհրան Մանասյանի` ասպարեզ դուրս գալու հիմնավորումը

«Միհրանը վատ մարզավիճակում չէ: Պարզապես մենք ունենք նոր հարձակվող (Սանի Օմորեջի), որի խաղին նույնիսկ ծանոթ չենք, հնարավորություն չենք ունեցել հետևել նրա գործողություններին: Այժմ ստիպված ենք նրան խաղադաշտ դուրս բերել, որ ծանոթանանք նրա որակներին, վերջիվերջո պայմանագիր ունի ակումբի հետ: Կարծում եմ` վատ հարձակվող չէ: Ժամանակ է հարկավոր»:

Դավիթ Մանոյանի դերը

«Մանոյանը բազմակողմանի ֆուտբոլիստ է: Նա պետք է լինի ինչպես կապող օղակ, այնպես էլ խաղադաշտում հարց լուծող: Նրանից վերջին փոխանցում ենք սպասում ու գոլեր»:

Դարպասապահի ընտրությունը

«Այսօրվա մեր դարպասապահը (Օգնեն Չանչարևիչ-խմբ) որակյալ ֆուտբոլիստ է, ունի լավ անցյալ: Նա Անթալիայում լավ ֆուտբոլ խաղաց: Առաջին համարի համար նա մրցակցելու է Արսեն Բեգլարյանի հետ: Վերջինս մեջքի ցավեր ուներ, սակայն եթե առողջ լիներ, միևնույն է Չանչարևիչն էր խաղալու»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում