Ռոբերտ Արզումանյանն ու Յորոն «Շիրակում» չեն. Բիչախչյանը հայտնում է մանրամասներ

Ռոբերտ Արզումանյանն ու Յորոն «Շիրակում» չեն. Բիչախչյանը հայտնում է մանրամասներ

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի՝ «Ալաշկերտի» դեմ մրցավեճից (1:0) հետո ամփոփեց խաղը և հայտնեց թիմի վերաբերյալ մի քանի նոր տեղեկություններ:

Խաղի ամփոփում

«Բավականին լարված ու նյարդային խաղ ստացվեց: Պատճառը հաշիվն էր: 0:1 հաշիվը պահպանվեց մինչև խաղավարտ: Առաջին խաղակեսում կարողացանք անթերի պաշտպանվել, ստանդարտ դրությունը գոլով ավարտել ու մի քանի պահեր ստեղծել: Երկրորդ կեսում «Ալաշկերտն» ավելացրեց հարձակվողների թիվը: Երկու թիմերն էլ գոլային շատ պահեր ունեին: Խաղավերջում թիմի մոտ հոգնածություն նկատվեց: Վաղուց հաղթանակ չէինք տարել: Սա թույլ կտա վերադարձնել վստահությունը»:

Կենտրոնական պաշտպաններ Հրայր Մկոյանի ու Մարկո Պրլևիչի մասին

«Մեր այդ նորեկները մոտ կես տարի խաղային պրակտիկայի խնդիր են ունեցել: Որքան փորձեցինք ընկերական հանդիպումների միջոցով վերացնել այդ բացը, միևնույն է նրանց հոգնածությունը խաղավերջում զգացնել տվեց: Հետագա մրցավեճերի ընթացքում նրանք լավագույն մարզավիճակին կվերադառնան: Այդ ֆուտբոլիստների ներկայությունը վստահություն է հաղորդել մյուսներին»:

Մյուս նորեկները

«Դավիթ Ղանդիլյանը վատ չաշխատեց: Միսակյան Ռաֆայելը դեռ 18 տարեկան է, լավ պոտենցիալ ունի: Աջ պաշտպանի դիրքը վստահել էինք ձախլիկ Ժիրայր Մարգարյանին: Այսօր այլ տարբերակ չունեինք, որովհետև աջ պաշտպան Ռոբերտ Դարբինյանը որակազրկված էր»:

Առաջնության սկզբի սցենարը չկրկնելու համար, երբ հաջող մեկնարկին հաջորդեց անկումը, շեշտը դրվել է կազմի խորության վրա

«Երբ Կպոդոն հեռացավ, մեզ մոտ մնաց 3 կենտրոնական պաշտպան: Արտյոմ Միքայելյանը 7-րդ դեղին քարտից հետո ամեն հաջորդ զգուշացման համար 1 խաղով որակազրկվելու է: Այդ պատճառով նրա հետ մեծ հույսեր չէինք կարող կապել, ուստի որոշեցինք միանգամից երկու կենտրոնական պաշտպան հրավիրել (Մկոյան, Պրլևիչ): Ալեքսանդր Իլիչին փոխարինել ենք Դավիթ Ղանդիլյանի միջոցով: Հրավիրել ենք նաև Ռաֆայել Միսակյանին ու Ժիրայր Մարգարյանին: Հարձակվողի խնդիր ունենք: Փորձարկեցինք մի քանի ֆուտբոլիստների, սակայն նրանք մեր հարձակվողներից ուժեղ չէին»:

Չեմպիոնական մրցավազք վերադառնալու հեռանկարը

«Դժվար է մեկ խաղով ենթադրություն անել, առջևում դեռ 14 հանդիպում կա: Մենք ունենք մեկ լուրջ խնդիր. գրեթե ամբողջ կազմը դեղին քարտերի վտանգի տակ է, ըստ որի ամեն զգուշացումը կարող է մեկխաղյա որակազրկման բերել: Իսկ առանցքային ֆուտբոլիստներին փոխարինողները հիմնականում երիտասարդներ են»:

Ռոբերտ Արզումանյանը` «Շիրակո՞ւմ»

«Անթալիայի հավաքի ժամանակ Ռոբերտ Արզումանյանը մարզվում էր մեզ հետ, երկու հանդիպման մասնակցեց: Այնուամենայնիվ նա հիմա մեր թիմում չէ: Ավելին չեմ կարող ասել: Նրա վիճակը վատ չէ, մի փոքր ժամանակ է հարկավոր, որ մարզավիճակ հավաքի: Վնասվածքի պատճառով մոտ 1,5 տարի չի խաղացել»:

Լի Յամին Յորոյի մասին տեղեկության հերքում

«Յորոն փորձաշրջանին չի եկել, մեզ հետ չի եղել ու հիմա էլ «Շիրակում» չէ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում