Էմերին պաշտոնանկ է արվելու. ՊՍԺ-ն արդեն բանակցում է Կոնտեի հետ

Էմերին պաշտոնանկ է արվելու. ՊՍԺ-ն արդեն բանակցում է Կոնտեի հետ

«Պարի Սեն Ժերմենը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին: «Marca»-ն վստահեցնում է, որ փարիզցիների նախագահ Նասեր ալ Խելայիֆին, ով միշտ պաշտպանել է բասկ մասնագետին, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալից» կրած պարտությունից (1:2, 1:3) հետո հիասթափվել է նրանից:

46-ամյա մասնագետը պաշտոնանկ է արվելու ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: ՊՍԺ-ն նոր մարզչի պաշտոնի համար դիտարկում է երկու թեկնածուների` Մաուրիսիո Պոչետինոյի («Տոտենհեմ») և Անտոնիո Կոնտեի («Չելսի») տարբերակները: Ցուցակում առաջին տեղում արգենտինացի մասնագետն է, սակայն նրան հրավիրելը բարդ կլինի: Այդ պատճառով ֆրանսիացիներն արդեն սկսել են բանակցել Կոնտեի հետ,- տեղեկանում ենք «Football Italia»-ից:

Փարիզցիներն արդեն բանակցել են Անտոնիոյի եղբոր` Ջանլուկայի հետ և հանդիպել մարզչի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոյին: Կոնտեն գաղտնի զրույցի ժամանակ հասկացնել է տվել, որ պատրաստ է այդ տեղափոխությանը:

Այնուամենայնիվ, 48-ամյա մասնագետի թեկնածության շուրջ ՊՍԺ-ի ոչ բոլոր ղեկավարներն են համակարծիք: Նրանցից ոմանք կարծում են, որ իտալացու խիստ բնավորությունը կարող է թիմի գլխավոր աստղ Նեյմարի հետ կոնֆլիկտի պատճառ դառնալ:

Նշվում է, որ Կոնտեն առաջարկ ունի նաև Իտալիայի հավաքականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում