Մոուրինյու. Սա աշխարհի վերջը չէ, ՄՅՈւ-ի համար սովորական իրավիճակ է

Մոուրինյու. Սա աշխարհի վերջը չէ, ՄՅՈւ-ի համար սովորական իրավիճակ է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ամփոփել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլյայից» կրած պարտությունը (1:2), որից հետո անգլիական թիմը դուրս է մնացել հետագա պայքարից:

«Գիտեի, որ առաջին գոլը շատ կարևոր է լինելու: Այն ոչ միայն ազդեց հաշվի վրա, այլև խաղի: Մենք առաջին րոպեից փորձում էինք ագրեսիվ ու ինտենսիվ գործել, բայց չկարողացանք գոլ խփել: «Սևիլյան» հետզհետե տիրեց գնդակին ու վերահսկեց խաղի ընթացքը:

Գոլ խփելու համար բավականաչափ պահեր ունեինք: Որոշ դրվագներում լավ էինք գործում, բայց հանդիպումը չէինք վերահսկում: Մրցակցի երկրորդ գոլը մեր հաղթանակն անհնարին դարձրեց: Չեմ կարող իմ ֆուտբոլիստներին մեղադրել կամային հատկանիշների բացակայության մեջ: Չեմ կարծում, թե չափազանց զգույշ ոճով էինք գործում: Ասպարեզ էի դուրս բերել հարձակվողական ոճի մի շարք ֆուտբոլիստների, ինչպես նաև ազատություն էի տվել կենտրոնում գործող Լինգարդին ու Ֆելայինիին: Նրանք գոլ խփելու լավ պահեր ունեին:

Ուրախ եմ, որ իմ սաների համար միևնույն չէ և նրանք տխուր են, սակայն դրամայի ժամանակ չունենք, շաբաթ օրը նոր խաղ կա: Սա աշխարհի վերջը չէ:

Ես այս աթոռին երկու անգամ նստած եմ եղել, երբ «Պորտուի» ու «Ռեալի» մարզիչը եղած ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս եմ թողել պայքարից: Այնպես որ ակումբի համար սա սովորական իրավիճակ է»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում