Մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը

Մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը

Մարտի 17-ին, Բաթումիում մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է Հայաստանի 34 պատվիրակ:

Մեկնարկային տուրում Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Հարությունյանը, Արամ Հակոբյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Քալաշյանը, Վահե Դանիելյանը և Հայկ Երիցյանը հաղթանակներ տոնեցին:

Տուրի գլխավոր անակնկալը գրանցվեց Շանթ Սարգսյան – Դմիտրի Յակովենկո պարտիայում: Մեր պատանի շախմատիստը ոչ-ոքի խաղաց առաջնության գլխավոր ֆավորիտի և առաջին դասակարգված շախմատիստ Դմիտրի Յակովենկոյի հետ: Վերջին տարիներին ավելի շատ մարզչական աշխատանքով զբաղվող կրկնակի Օլիմպիական չեմպիոն Արտաշես Մինասյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի 8-րդ դասակարգված շախմատիստ Դանիիլ Դուբովի հետ: Վահե Բաղդասարյանը հաշտություն կնքեց Եվրոպայի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդր Մոտիլյովի հետ:

Մրցաշարը հաջող մեկնարկեց նաև Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, ով ուժի դիրքերից ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հավաքականի անդամ Գեորգ Մեյերի հետ:

Հայաստանի մասնակիցների արդյունքներին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում