Ֆեդերերն իր լավագույն մեկնարկն է գրանցել և գերազանցել Լենդլի ցուցանիշը

Ֆեդերերն իր լավագույն մեկնարկն է գրանցել և գերազանցել Լենդլի ցուցանիշը

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերն Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» կարգի մրցաշարի կիսաեզրափակչում 5։7, 6։4, 6։4 հաշվով հաղթանակ է տոնել խորվաթ Բորնա Չորիչի նկատմամբ։

36-ամյա շվեյցարացին կարիերայի ընթացքում 147-րդ անգամ կմասնակցի ATP մրցաշարի եզրափակչի։ Ֆեդերերն այս ցուցանիշով գերազանցել է լեգենդար Իվան Լենդլին, ով 146 անգամ է մասնակցել ATP մրցաշարերի եզրափակիչների։ Առաջատարը ամերիկացի Ջիմի Կոնորսն է (164), իսկ Ֆեդերերն այժմ երկրորդ հորիզոնականում է։ Կարիերայի 98-րդ տիտղոսը նվաճելու համար Ֆեդերերը պայքարելու է արգենտինացի Խուան-Մարտին դել Պոտրոյի հետ։

Բացի այդ, Ֆեդերերը գերազանցել է իր՝ 12 տարվա վաղեմության ռեկորդը։ 2006 թվականին շվեյցարացին մրցաշրջանի մեկնարկից հետո 16 անընդմեջ հաղթանակ է տոնել, ապա Դուբայի մրցաշարի եզրափակչում պարտվել Ռաֆայել Նադալին։ Այս մրցաշրջանում Ֆեդերերն արդեն 17 անընդմեջ հաղթանակ է տոնել։ Ընդ որում, 17 խաղում Ռոջերը պարտվել է ընդամենը 4 սեթ․ երկու սեթ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակչում զիջել է Մարին Չիլիչին, մեկ սեթ՝ Ռոտերդամի մրցաշարի քառորդ եզրափակչում Ռոբին Հասին, մեկ սեթ էլ՝ Չորիչին վերոնշյալ խաղում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում