Ֆեդերերը զիջում է դիրքերը․ Նադալը կվերադառնա առաջին հորիզոնական

Ֆեդերերը զիջում է դիրքերը․ Նադալը կվերադառնա առաջին հորիզոնական

Ապրիլի 2-ին իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կվերադառնա ATP (Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա) վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական։

Սա պարզ է դարձել դեռևս գործող առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի՝ Մայամիի «Մասթերս 1000» շարքի մրցաշարի մեկնարկում ավստրալացի Տանասի Կոկինակիսից (Q) կրած անակնկալ պարտությունից հետո։ Մայամիում Ֆեդերերը պետք է պաշտպաներ տիտղոսը, իսկ Նադալը, ով նախորդ մրցաշրջանում հասել է մինչև եզրափակիչ, այս տարի մրցաշարին չի մասնակցում վնասվածքի պատճառով։ Առաջին ռակետի կարգավիճակում մնալու համար Ֆեդերերը Մայամիում պետք է հասներ նվազագույնը մինչև քառորդ եզրափակիչ։

Ստացվում է՝ մինչև ապրիլի 2-ը Ֆեդերերը 6 շաբաթ անընդմեջ կգլխավորի ATP վարկանիշային աղյուսակը։ Կարիերայի ընթացքում նա առաջին հորիզոնականում եղել է 308 շաբաթ։ Նադալը, ով կորտ է վերադառնալու գրունտային փուլի մեկնարկից, կսկսի իր 168-րդ շաբաթն առաջին ռակետի կարգավիճակում։

Հավելենք, որ գրունտային մրցաշարերում Նադալն ընդհանուր առմամբ պետք է 4680 վարկանիշային միավոր պաշտպանի, իսկ ահա Ֆեդերերն այս փուլում կորցնելու ոչինչ չունի, բայցև որոշել է չմասնակցել առաջիկա մրցաշարերին։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում