ՖԻՖԱ-ն ֆուտբոլում հեղափոխական փոփոխություններ է դիտարկելու

ՖԻՖԱ-ն ֆուտբոլում հեղափոխական փոփոխություններ է դիտարկելու

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) պատրաստվում է քննարկման դնել 11 կետից բաղկացած ֆուտբոլի կանոնների ձևափոխումների ծրագիրը:

«France Football»-ը հայտնում է, որ այդ փոփոխությունները կարող են անդրադառնալ նաև ֆուտբոլիստների վարձակալությանը: ՖԻՖԱ-ի ստեղծած հատուկ հանձնաժողովն առաջարկում է արգելել վարձավճարները, քանի որ վերջին տարիներին դրանք հսկայական քանակի են հասել: Հանձնաժողովի մեջ մտնում են ՖԻՖԱ-ն, ֆուտբոլիստների արհմիության անդամները, Եվրոպական ակումբների ասոցիացիան և նախկին ֆուտբոլիստները, որոնց թվում են Էդվին վան դեր Սարը, Կաֆուն, Զվոնիմիր Բոբանը և Մարկո վան Բաստենը:

Ուշագրավ է, որ 2017-18թթ. մրցաշրջանում «Յուվենտուսը» 41 ֆուտբոլիստների վարձավճարով այլ ակումբներ է ուղարկել: Բազմաթիվ խաղացողների հետ պայմանագիր կնքելու և նրանց վարձակալության ուղարկելու փորձը կիրառում են նաև այլ անվանի ակումբներ: Ընթացիկ մրցաշրջանում «Ուդինեզեն» վարձակալությամբ այլ թիմեր ուղարկած 27 ֆուտբոլիստ ունի, «Չելսին»` 22, իսկ «Մանչեսթեր Սիթին»` 18:

Հանձնաժողովն առաջարկում է նաև ֆուտբոլիստների աշխատավարձերի շեմ սահմանել, ինչպես ամերիկյան սպորտում է:

ՖԻՖԱ-ի ժողովի նիստը կայանալու է հոկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում