«Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» և ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային» և ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Լա լիգայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Կամպ Նոու» մարզադաշտում․ մրցաշարային աղյուսակի առաջատար «Բարսելոնան», որն ընթացիկ առաջնությունում պարտություն չի կրել, հյուրընկալեց «Վալենսիային» և 2։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Ֆիլիպե Կոուտինյոյի փոխանցումներից հետո դաշտի տերերի կազմում մեկական գոլ խփեցին Լուիս Սուարեսը և Սամուել Յումտիտին, իսկ «չղջիկների» միակ գոլը խփեց Դանիել Պարեխոն՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց տուգանայինը։

Այժմ կատալոնական թիմը 82 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը։ «Վալենսիան» մնաց 65 միավորով երրորդ տեղում, սակայն տուրի արդյունքներով «չղջիկներին» շրջանցելու հնարավորություն ունի Մադրիդի «Ռեալը» (64 միավոր), որը վաղը հյուրընկալվելու է «Մալագային»։

Հավելենք, որ այս հաղթանակի արդյունքում «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության պատմության ռեկորդ սահմանեց․ կատալոնական թիմն առաջինն է, որը 39 խաղ անընդմեջ առաջնությունում պարտություն չի կրում։ 39 խաղում «Բարսելոնան» 32 հաղթանակ է տոնել, 7 անգամ ոչ-ոքի խաղացել։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1979-80թթ․ և պատկանում էր «Ռեալ Սոսյեդադին» (38 խաղ, 22 հաղթանակ, 16 ոչ-ոքի)։

Իսպանիայի առաջնություն, 32-րդ տուր

«Բարսելոնա» – «Վալենսիա»՝ 2։1
Գոլերը՝ Սուարես 15՛, Յումտիտի 51՛ – Պարեխո 87՛ / 11-մետրանոց 

Հետևեք մեզ նաև Telegram-ում