Ձեռքով գոլի պատճառով «Բարսելոնան» չհաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Ձեռքով գոլի պատճառով «Բարսելոնան» չհաղթեց «Սելտային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվեց «Սելտային»: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2: «Սևիլյայի» դեմ գավաթի եզրափակչից առաջ կատալոնացիները խաղը սկսեցին գրեթե պահեստային կազմով:

Առաջին կեսում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Կոուտինյո-Ալկասեր-Դեմբելե կոմբինացիան գեղեցիկ հարվածով եզրափակեց ֆրանսիացին: Խաղակեսի վերջին րոպեին տանտերերն օգտվեցին Անդրե Գոմեշի անհաջող փոխանցումից, արագ հակագրոհ կազմակերպեցին, որն ավարտվեց Խոնի Կաստրոյի գոլով:

Երկրորդ կեսը գալիսիացիները սկսեցին առավելությամբ, սակայն Լիոնել Մեսսիի` խաղադաշտ դուրս գալուց հետո «կապտանռնագույները» տիրեցին նախաձեռնությանը և հաշվի մեջ կրկին առաջ անցան: Նելսոն Սեմեդուի փոխանցումից հետո Պաուլինյոն հարված կատարեց, որը դարպասից ներս ուղարկեց Ալկասերը:

Քիչ անց վերջին հույսի խախտման համար կարմիր քարտի արժանացավ փոխարինման մտած Սերժի Ռոբերտոն. Էրնեստո Վալվերդեի թիմը վերջին 20 րոպեն անցկացրեց 10 ֆուտբոլիստով: Առավելությանը կրկին տիրած «Սելտան» հաշիվը հավասարացրեց 82-րդ րոպեին, երբ Մարկ-Անդրե տեր Շտեգենի սխալից հետո Յագո Ասպասը ձեռքով գնդակն ուղարկեց դարպասը: Մրցավարը չնկատեց այդ խախտումը և արձանագրեց գոլը:

«Բարսելոնան» 83 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հետապնդող «Ատլետիկոն» (71) մեկ խաղ քիչ է անցկացրել: «Սելտան» 44 միավորով 9-րդ տեղում է:

Պրիմերա, 33-րդ տուր

«Սելտա» – «Բարսելոնա»` 2:2
Գոլերը՝ Կաստրո (45), Ասպաս (82) – Դեմբելե (36), Ալկասեր (64)
Հեռացում՝Ռոբերտո (71)

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում