Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը

Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում են 8 թիմեր:

Այս մասին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Յուրաքանչյուր թիմ բաղկացած է 6 հիմնական և 2 պահեստային մասնակցից: Մրցաշարի 64 մասնակիցներից 38-ը կրում են միջազգային կոչումներ. մասնավորապես մրցաշարին մասնակցում են 17 գրոսմայստեր, 8 միջազգային և 13 ՖԻԴԵ-ի վարպետ: Մասնակիցների թվում են Հայաստանի չեմպիոն և հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը, փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Ռոբերտ Հովհաննիսյանը, մեր անվանի վետերան շախմատիստներ Ռաֆայել Վահանյանը ու Արտաշես Մինասյանը:

Մրցաշարի անվերապահ ֆավորիտն է «Chessify» ակումբը, որի կազմում հանդես են գալիս Հայաստանի գործող չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի 2017 թ. չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայաստանի 2016 թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանը, Հայաստանի 2015 թ. չեմպիոն Կարեն Գրիգորյանը, գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Գևորգ Հարությունյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Արմենակ Եզիազարյանը: Ուժեղ կազմ է հավաքել նաև Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակչի հաղթող «Էջմիածին Լոգիկոն» ակումբը: Մեդալների համար կպայքարեն նաև Գրոսմայստերական դպրոցի: Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի, ինչպես նաև հիմնականում մեր վետերան շախմատիստներից բաղկացած «Երևան» ակումբը:

Երեկ կայացած մրցաշարի առաջին տուրում ֆավորիտները մրցում էին միմյանց դեմ՝ «Chessify»-ը «Էջմիածին Լոգիկոն»-ի դեմ, իսկ Գրոսմայստերական դպրոցը՝ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի:

Տուրի կենտրոնական պարտիան էր Հայկ Մարտիրոսյան – Ռոբերտ Հովհաննիսյան դիմակայությունը: Հիշեցնենք, որ հենց այս երկու շախմատիստներն էին հիմնականում պայքարում Հայաստանի 2018 թվականի չեմպիոնի կոչման համար: Սպիտակներով Հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը չկարողացավ ստանալ առավելություն և 32-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին: Հաշտությամբ ավարտվեց նաև 2-րդ խաղատախտակում, որի վրա հանդես էին գալիս Հովիկ Հայրապետյանը և Զավեն Անդրիասյանը:

Իսկ ընդհանուր դիմակայությունում «Chessify»-ը ուներ մեծ առավելություն. Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը և Արմենակ Եղիազարյանը հեշտորեն հաղթեցին համապատասխանաբար Վահե Բաղդասարյանին, Դավիթ Պետրոսյանին և Գրիգոր Դիլանյանին: Մեծ առավելություն ուներ նաև «Chessify»-ի կազմում հանդես եկող Աննա Սարգսյանը, սակայն վերջնամասում նա սխալվեց և պարտվեց:

Հետաքրքրի պայքարում անցավ նաև Գրոսմայստերական դպրոցի և Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի մրցախաղը: 6 պարտիաներից չորսում գրանցվեցին ոչ-ոքիներ: Հավասար էին նաև դրությունները ընթացքի մեջ գտնվող երկու պարտիաները: Սակայն, Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի կազմում հանդես եկող Վահե Դանիելյանը կոպիտ վրիպում թույլ տվեց և պարտվեց Շանթ Սարգսյանին: Դանիելյանի թիմակից Դավիթ Միրզոյանը, փորձելով շտկել դրությունը, դիմեց անհարկի ռիսկի և արդյունքում նույնպես պարտվեց: Արդյունքում Գրոսմայստերական դպրոցը հաղթեց 4-2 հաշվով:

Մեկնարկային տուրում մոտ էին անակնկալ մատուցելուն Հայաստանի շախմատի ակադեմիայի պատանի շախմատիստները, որոնց մրցակիցն էր «Երևան» ակումբը: «Երևան»-ը հանդես էր գալիս առանց իր առաջատարի՝ Ռաֆայել Վահանյանի: Մրցախաղում առաջին միավորը գրանցեց Ակադեմաիյի պատանի սան Հակոբ Հակոբյանը, ով հաղթեց «Երևան»-ի «լեգիոներին»՝ Սյունեցի Հովհաննես Հակոբյանին, այնուհետև պատանի շախմատիստ Ալբերտ Գևորգյանը ոչ-ոքի խաղաց բազմափորձ Աշոտ Ավետիսյանի հետ: Մնացած 4 պարտիաներից երկուսում մեծ առավելություն ունեին Ակադեմիայի սաները, իսկ մյուս երկուսում՝ «Երևան» ակումբի շախմատիստները: Արդյունքում, «Երևան»-ի բազմափորձ շախմատիստներ Արտաշես Մինասյանը և Դավիթ Կարաթորոսյանը հաղթեցին, իսկ Ակադեմիայի ներկայացուցիչներ Արմեն Բարսեղյանը և Արեգ Շմավոնյանը չկարողացան իրացնել առավելությունը համապատասխանաբար Տիգրան Քոթանջյանի և Աղասի Ինանցի հետ պարտիաներում: Այսպիսով մրցախաղում «Երևան»-ը հաղթեց 3.5-2.5 հաշվով:

Տուրում ամենավստահ հաղթանակը տոնեց Քանաքեռ-Զեյթունի թիմը, որը 5.5-0.5 հաշվով առավելության հասավ Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի Օլիմպիական մարզադպրոցի 2-րդ թիմի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում