Գևորգ Օհանյան. «Գավաթի խաղարկությունում կրած պարտությունն ահազանգ էր մեզ համար»

Գևորգ Օհանյան. «Գավաթի խաղարկությունում կրած պարտությունն ահազանգ էր մեզ համար»

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրում «Գանձասար-Կապանը» 3:1 հաշվով առավելության հասավ «Փյունիկի» նկատմամբ: Իր թիմի երկրորդ գոլը հեղինակեց հարձակողական ոճի կիսապաշտպան Գևորգ Օհանյանը: Ակումբի լրատվության բաժնի հետ զրույցում ֆուտբոլիստը նշել է, որ շատ կարևոր հաղթանակ էր իրենց համար:

«Մրցաշրջանի մեկնարկից զգում էինք, որ քիչ միավորներ ունենք ու շատ ենք հետ մնում։ Պետք էր հաղթել ու միավորներ վաստակել։ 3 անընդմեջ հաղթանակից հետո շատ բարձր տրամադրությամբ էինք մոտեցել «Փյունիկի» հետ խաղին։ Տարվա վերջին հանդիպումն էր ու պետք է ամեն ինչ անեինք, որպեսզի բարձր նոտայի վրա ավարտեինք մրցաշրջանը։ Հուսով եմ, որ առաջնության հաջորդ կեսում մենք կկարողանանք բարձր հորիզոնականների համար պայքարել։ Պետք է շարունակենք այսպես։

Գավաթի խաղարկությունում պարտվեցինք «Արարատ-Արմենիային», իսկ անմիջապես հետո էլ միջազգային դադար եղավ։ Այսինքն ժամանակ ունեցանք հասկանալու, թե ինչ իրավիճակ է տիրում և ինչ պետք է անենք, որպեսզի հաջող արդյունքներ գրանցենք։ Գավաթում կրած պարտությունը մեզ համար ահազանգի նման մի բան էր, որ պետք է հավաքվենք, կենտրոնանաք ու ամեն ինչ անենք, որպեսզի միավորներ վաստակենք։ Լավ է, որ այդպես էլ ստացվեց։ Հիմա թիմը գտնվում է շատ լավ վիճակում։ Դադարի ընթացքում բարելավեցինք նաև մեր ֆիզիկական մարզավիճակը։ Փոխվեց նաև տղաների հոգեբանությունը։ Միշտ հաճելի է, երբ հաղթում ես, ամեն հաղթանակից հետո պարտավորված ես լինում նոր հաջողություն գրանցել։

Մրցաշարային աղյուսակին նայելով տեսնում ենք, որ առաջատարներին շատ ենք զիջում միավորներով, բայց այնպես չէ, որ երկրորդ շրջանում չենք կարողանա հասնել նրանց։ Պետք է լավ նախապատրաստվենք, այդ պարագայում հնարավոր է հաջողություններ գրանցել։ Մեր առաջնությունում 10 միավորը եղանակ չի փոխում, որովհետև Բարձրագույն խումբն իսկապես անկանխատեսելի է։ Վերջին հորիզոնականով ընթացող թիմը հաղթեց առաջին տեղին, այնպես որ մենք էլ կարող ենք նորանոր հաղթանակներ ունենալ»,- ասել է Օհանյանը:

Ֆուտբոլիստը նաև խոսել է իր մարզավիճակի մասին: Նա նշել է, որ կապանյան թիմում մրցելույթներն սկսեց վնասվածքով, որն ստացել էր ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Ապաքինվելուց հետո կրկին վնասվածք ստացավ, այս անգամ` մեջքի հատվածում։

«Չէի կարողանում իմ հնարավորությունների առավելագույնով խաղալ։ Բայց, փառք Աստծո, ամեն ինչ անցավ, հիմա առողջ եմ։ Բժիշկների ու մարզիչների օգնությամբ լավ մարզավիճակ ձեռք բերեցի։ Չեմ ասի, որ հիմա գտնվում եմ իմ մարզավիճակի գագաթնակետին, բայց լավ է, որ այս վիճակում էլ կարողացա օգուտ տալ թիմին։ Վերջին խաղին կարողացա անգամ գոլ խփել, անկեղծ, շատ երկար էի սպասում այդ գոլին։ 2 տարի առաջ էլ էի խաղացել «Գանձասարում», բայց գոլ խփել չէի կարողացել։ Լավ է, որ «Գանձասարի» կազմում աչքի ընկա ու տարին ավարտեցի գոլով։ Այն շատ սպասված էր ինձ համար։

Հիմա թիմը պատրաստվում է արձակուրդին, որից հետո կսկսենք նախապատրաստվել նոր մրցաշրջանին։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ ապագան կապված է միայն «Գանձասար-Կապանի» հետ։ Պետք է շատ աշխատեմ, որպեսզի լավ մարզավիճակ ձեռք բերեմ ու օգնեմ թիմիս նորանոր հաջողություններ հասնելու համար։ Երբ եկա «Գանձասար», նշեցի, որ եկել եմ թիմային հաջողության հասնելու համար, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի դա իրականություն դառնա»,- ասել է Օհանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում