Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են

Ֆուտբոլիստի ինքնաթիռի որոնումները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Դադարեցվել է ինքնաթիռի որոնման գործողությունը, որում գտնվել է արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան։ Եվրանյուզը գրում է, որ ուսումնասիրվել է գրեթե 4.5 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, հեռախոսային կապերի տվյալները և արբանյակի միջոցով ստացված պատկերը, բայց փաստացի այդ գործողությունները որևէ արդյունք չեն տվել՝ փրկարարները չեն կարողացել գտնել որևէ ինքնաթիռի, օդաչուի կամ ուղևորի հետք։

Թեթև ինքնաթիռը, որում եղել են միայն Էմիլիանո Սալան և օդաչուն, երկուշաբթի երեկոյան ֆրանսիական Նանտ քաղաքի օդանավակայանից թռել է Կարդիֆ, բայց կորել է ռադարների էկրանից Նորմանդական կղզիների շրջանում։ Անհետանալուց առաջ Սալան ձայնահաղորդագրություն է ուղարկել եղբորը, որում արգենտինացին ասել է, որ ինքնաթիռը կարող է կործանվել:

Նախկինում «Նանտ» ակումբում հանդես եկած 28-ամյա արգենտինացին հունվարի 19-ին պաշտոնապես տեղափոխվել էր «Կարդիֆ Սիթի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում