Սոլոմոն Իմե Ուդո. «Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»

Սոլոմոն Իմե Ուդո. «Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը»

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: «Բանանցի» ֆուտբոլիստ Սոլոմոն Իմե Ուդոն շուրջ 5 տարի է բնակվում է Հայաստանում: Ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նիգերիացին խոսել է Հայաստանի, մրցաշրջանի երկրորդ հատվածի, թիմի և մի շարք այլ հարցերի շուրջ:

«Հայաստանը հիանալի երկիր է: Այստեղ ես ինձ ազատ եմ զգում, այնպես, ինչպես տանը: Մարդիկ շատ ընկերասեր են ու բարեհամբույր իմ նկատմամբ: Սիրում եմ նաև հայկական որոշ ճաշատեսակներ, օրինակ` տոլման։ Ընդունեցի «Բանանցի» առաջարկը, քանի որ ցանկանում էի զարգանալ և աճել որպես ֆուտբոլիստ: Մտածեցի, որ այդ տեսանկյունից «Բանանցը» շատ լավ տարբերակ է, մեծ պատմություն ունեցող ակումբ է՝ լավագույններից մեկը Հայաստանում:

Հարազատներս Նիգերիայում դիտում են մեր բոլոր խաղերը: Նրանցից յուրաքանչյուրն ասում է, որ հենց ինքն է իմ ամենամեծ երկրպագուն։ «Բանանցն» այժմ առաջնությունում բավականին լավ դիրք է զբաղեցնում, լավ կլինի, որ շարունակենք նույն ոգով, որպեսզի ավելի լավ արդյունքներ գրանցենք։ Կարծում եմ` լավագույն նվաճումը կլինի Հայաստանի չեմպիոն դառնալը, ինչպես նաև շատ եմ ուզում, որ նվաճենք գավաթը։

Իմ ամենամեծ նվաճումը ֆուտբոլո՞ւմ։ Կարծում եմ, դեռևս դրան հասնելու ճանապարհին եմ, ամեն բան դեռ առջևում է: Ոգեշնչվում եմ Ռոնալդինյոյի և Զիդանի խաղից: Մանուկ հասակում երազում էի խաղալ «Ռեալ Մադրիդում»։ Այն իմ սիրելի թիմն էր, երբ դեռ Ռոնալդոն էր այնտեղ հանդես գալիս: Իմ ֆուտբոլային երազանքն է խաղալ ավելի հայտնի առաջնություններում և ակումբներում, օրինակ՝ «Ռեալում»։

Այժմ լիովին կենտրոնացած եմ իմ կարիերայի վրա։ Միգուցե տարիներ անց, երբ կավարտեմ ֆուտբոլիստի կարիերան, կկարողանամ շարունակել աշխատանքս այս ոլորտում` արդեն որպես մարզիչ: «Բանանցի» երկրպագուներին կարող եմ ասել, որ շարունակեն աջակցել մեզ: Հույս ունեմ, որ նրանց աջակցության շնորհիվ առաջնության ավարտին միասին լավ արդյունքի կհասնենք»,- ասել է Ուդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում