0-0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար. Կլոպը` Բավարիայի հետ խաղի մասին

0-0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար. Կլոպը` Բավարիայի հետ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Բավարիայի» հետ խաղի արդյունքը:

Հանդիպումը կայացել է Լիվերպուլի «Էնֆիլդ» ստադիոնում և ավարտվել 0-0 հաշվով.

«Սա այն օրերից չէր, երբ ամեն ինչ ստացվում է առաջին իսկ րոպեներից: Վերջին փոխանցման բացակայությունը փոքր-ինչ բարդացրեց մեր կյանքը: Բայց դրական կետերը շատ էին, հատկապես, որ մենք խաղում էին անհավանական լավ թիմի հետ:

Դրական կետն այն է, որ սա լավագույն ոչ-ոքին է տնային խաղի համար: Իհարկե, մենք սրա մասին չէինք երազում, բայց իրավիճակն աշխատանքային է: Ես երջանկությունից չեմ սավառնում ամպերում, սակայն լիովին բավարարված եմ:

Մի քանի լավ պահ ունեինք: 0:0-ն ոչ-ոքիներից լավագույնն է տնային խաղի համար: Արդյունքն իդեալական չէ, բայց ոչ էլ վատագույնն է»,- ասել է Կլոպն ու խոսել իր թիմի ունեցած պահերի մասին.

«Պահեր ունեինք. Մանեն ցանկացավ շրջադարձ հարվածով գոլ խփել, որը, սկզբունքորեն, այնքան էլ հաճախ տեղի չի ունենում, բայց մեր պահերը մենք չօգտագործեցինք: Մենք բավականին պասիվ էինք պաշտպանության եզրերում, գոլը կփոխեր հանդիպման ընթացքը: Ցանկանում էինք խաղալ այնպես, որ շարունակենք պայքարը, և դա մեզ մոտ ստացվեց»,- Կլոպի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Բավարիայի» և «Լիվերպուլի» միջև պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Մյունխենի «Ալյանց-Արենա» ստադիոնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում